Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները գրավոր երաշխիքներ են պահանջում (տեսանյութ)

Հասարակություն
unnamed40

Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ վարչապետի հետ հանդիպելու և իրենց պահանջները նրան ներկայացնելու։ «Պարտքի մարում», «Աշխատավարձերի վճարում», «Հանդիպում» կոչերով ու համապատասխան գրություններով էին հանդես գալիս նաիրիտցիները։ Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա այն հայտարարությանը, թե մինչև տարվա վերջ կվճարվեն «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների չվճարված աշխատավարձերը, նաիրիտցիներն «Ա1+»-ին տեղեկացրին, որ չեն հավատում նման հայտարարություններին, քանի որ նախորդ տարի էլ է եղել նմանատիպ հայտարարություն, սակայն չեն վճարվել իրենց աշխատավարձերը։ «Մենք կառավարությունից պահանջում ենք հստակ ժամանակացույց, թե երբվանից կսկսեն մեր աշխատավարձերի վճարումը, սակայն ոչ թե բանավոր, այլ գրավոր։ Որպեսզի մենք իմանանք, թե որ ամսին որքան ենք ստանալու»,- նշում է ակցիայի մասնակիցներից մեկը։ Նաիրիտցիներն ակցիայի ընթացքում հայտարարեցին, որ հաջորդ շաբաթվանից հավաքների ընթացքում հանդես կգան նորամուծությամբ. նրանք ակցիաները կանցկացնեն միանման վերնաշապիկներով, որոնց վրա գրված կլինեն իրենց պահանջներն ու կոչերը։ Ակցիայի ընթացքում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին Կառավարության անդամներից որևէ մեկը չմոտեցավ։ Հաջորդ հավաքը տեղի կունենա Նախագահական նստավայրի մոտ՝ երեքշաբթի օրը, ժամը 11։00-ին։