Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուտակայինի դեմ պայքարածների նկատմամբ քաղաքական մոտեցում է ցուցաբերվում (տեսանյութ)

Հասարակություն
metro-nkar

Դեռեւս նախորդ տարի աշխատանքից ազատված եւ դատարանում իրենց իրավունքների համար պայքարող Մետրոպոլիտենի երեք   աշխատակիցները՝ Անդրանիկ Գեւորգյանը, Գագիկ Գալստյանը եւ Սեւակ Հովհաննիսյանը սպասում են արդար լուծման։ Այսօր նրանք, ինչպես նաեւ փաստաբան Քրիստինա Գեւորգյանը, եւս մեկ անգամ նշեցին, որ աշխատանքից հեռացվել են 2014թ. փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ցույցին մասնակցելու եւ մետրոպոլիտենի 67 աշխատողների հետ կուտակայինի դեմ ղեկավարությանը դիմում ներկայացնելու պատճառով: Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Գործով վճիռ պետք է կայացվեր դեռ 2014 թ դեկտեմբերի 12-ին։ Սակայն նիստերը, փաստաբանի խոսքերով, անհարկի հետաձգվում են։ Մետրոպոլիտենի ղեկավարությունը պնդում է, որ երեք աշխատակիցները պարբերաբար թերացել են իրենց աշխատանքում, սակայն մինչ օրս կայացած դատական նիստերի ընթացքում իրենց պնդումը հաստատող որեւէ ապացույց չի ներկայացվել սանդուղքավարի՝ իրենց աշխատանքում թերանալու կապակցությամբ։ «Դատարանը փորձում է գործը տանել կարգապահական վարույթ, ինչը չի կարող լինել, երբ աշխատակիցներն ազատվել են աշխատանքից»,- նշեց նրանց ներկայացուցիչ Քրիստինա Գեւորգյանը։ Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներն արդեն մեկ տարուց ավելի գործազուրկ են, քանի որ իրենց մասնագիտությամբ այլ տեղ չեն կարող աշխատել։ Համոզված են՝ իրենց նկատմամբ քաղաքական մոտեցում է ցուցաբերվում։