Առաջարկել են ղեկին նստած շրջանավարտների նկարները տարածել համացանցում (տեսանյութ)
Այն ծնողը, որը Վերջին զանգին՝ մայիսի 22-ին, ավտոմեքենայի ղեկը կտրամադրի շրջանավարտին, ստիպված կլինի վճարել 30,000 դրամ՝ 20,000 դրամ անչափահասի ղեկին լինելու համար, իսկ ղեկը հանձնելու համար 10,000 դրամ։ Այս մասին այսօր հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նորիկ Սարգսյանը ծնողներին հորդորեց շատ ուշադիր լինել եւ թույլ չտալ շրջանավարտներին մեքենայի պատուհաններից դուրս կախվել։ Նրա խոսքերով՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի նախորդ տարվա նման որեւէ դժբախտ պատահար տեղի չունենա: Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը մի քանի դպրոցներում անձամբ է հանդիպել երեխաների հետ եւ հորդորել մեքենա չվարել: Նա զգուշացնում է, որ այդ օրը խիստ հսկողություն է սահմանվելու: Դպրոցների տնօրենները, նրա խոսքերով, առաջարկել են ղեկին նստած շրջանավարտների նկարները տարածել համացանցում: «Ներողամտություն չի լինելու, նույնիսկ իմ ընկերների, հարազատների շրջանում: Վարորդները նույնպես պետք է գիտակցեն կարեւորությունը եւ դպրոցամերձ փողոցներում շտապողականություն չցուցաբերեն՝ մեքենաները վարելով սթափ վիճակում»,- եզրափակեց նա: