Գարեգին Նժդեհը դիմավորում է այցելուներին
«Մայր Հայաստան» զինվորական թանգարան մուտք գործելիս բոլորի ուշադրությունը հրավիրվում է Բալկանյան առաջին պատերազմում հայկական կամավորական վաշտի հրամանատար Գարեգին Նժդեհի մոմե արձանի վրա։
«Հանրապետությունում միակ մոմե արձանն է եւ հատկապես աշխուժություն է նկատվում դպրոցահասակների եւ պատանիների շրջանում»,- «Ա1+»-ին ասաց Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը։
Բացի Գարեգին Նժդեհի մոմե արձանից, թանգարանում պահպանվում է 30 հազար ցուցանմուշ։ Հայրենական մեծ պատերազմ, արցախյան գոյամարտ: Պատմական կարեւորագույն էջերի մանրամասները, հերոսների մասին պատմող նյութերը ներկայացված են մեկ հարկի տակ։ Ցուցանմուշները հիմնականում թանգարանին նվիրվում են։ Եթե Հայրենական մեծ պատերազմի հետ կապված հավաքագրման աշխատանքները ավարտված են, ապա Արցախյան պատերազմի սրահի հետ կապված անելիքներ դեռ կան. «Կոչ կուղղեի, խնդրանք-դիմում մեր ազատամարտիկներին, նրանց ընտանիքի անդամներին, որպեսզի իրենց մոտ պահպանվող ցուցանմուշները, սկսած լուսանկարներից, հանձնվեն թանգարանի պահպանությանը, որովհետեւ դրանց լավագույն երաշխավորը պահպանման եւ հետագայում ցուցադրման միակ տեղը իմ խորին համոզմամբ հենց ՊՆ Մայր Հայաստան զինվորական թանգարանն է»,- կարծում է թանգարանի տնօրենը։
Ի դեպ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Շուշիի օպերացիայի բնօրինակ քարտեզը շաբաթ օրը հանձնեց «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին:
