Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրացման գոտու՝ Կոնդի բնակիչների համար ոչինչ նախատեսված չէ

Հասարակություն
948abf81c62091b3a5f2a3c3db1847db

Մարտի 3-ին մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը խոստացավ, որ «Դվին» հյուրանոցի հարևանությամբ գտնվող կիսակառույցը մեկ ու կես տարի անց պատրաստ կլինի։ Օրեր անց սկսվեց շինարարությունը։ Հիշեցնենք, որ այն իրականացվում է «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ֆինանսավորմամբ՝ նախարարության պատասխանատվության ներքո: Տարածքում երկու շենքի կառուցում է նախատեսված, որոնք տրվելու են Կոնդի այն բնակիչներին, որոնց տները քանդվել են և հիմա իրենք վարձով են բնակվում։ Հարցին, թե ո՞վ է այժմ տրամադրում վարձավճարները, Քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Վարձավճարների հարցը լուծում է կառավարությունը, կոնկրետ նախարարությունն այդ հարցով չի զբաղվում»։ Տիկին Եսայանը հայտնեց նաև, որ շենքերի առաջին հարկերը բնակելի չեն լինելու։ «Այնտեղ առևտրային ու մշակութային հատված է լինելու»,-մանրամասնեց նա։ Իսկ ի՞նչ է սպասվում կոնդեցիների մեծ մասին, ովքեր դեռևս շարունակում են ապրել իրենց տներում. «Նրանց համար դեռ կոնկրետ ոչինչ նախատեսված չէ»,-ասաց Քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղարը։ Թեև 2007 թվականին կառավարության որոշմամբ Կոնդը ճանաչվել էր իրացման գոտի, սակայն, ինչպես նշեց տիկին Եսայանը, թաղամասն այժմ որպես իրացման գոտի չի դիտարկվում։