Երեւանը բեռնաթափելու ձեւ են մտածել. որոշ բուհեր տեղափոխել Գյումրի (տեսանյութ)
Գյումրին կարող է դառնալ Հայաստանի գիտական կենտրոնը։ Համոզված է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը։ Դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել Քաղաքաշինության նախարարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ Երևանը բեռնաթափելու և ուսանողությունը մեկ վայրում չկենտրոնացնելու նպատակով որոշ բուհեր պետք է տեղափոխվեն Գյումրի. «Բոլորը բողոքում են տրանսպորտի դանդաղ տեղաշարժից ու գերբեռնվածությունից։ Հաշվարկները ցույց են տալիս, որ տրանսպորտի ավելի քան 30 տոկոս ուղևորները ուսանողներն են, նրանց կենտրոնացնելով հանրապետության այլ քաղաքում՝ կբեռնաթափենք Երևանը: Փոխարենը, բուհերի ազատված շենքերը կարելի է դարձնել հյուրանոցներ»,- ասաց նախագծի հեղինակ ճարտարապետը։ Ճարտարապետը հիշեցնում է, որ նախկին 11 պետական բուհերի փոխարեն այսօր մայրաքաղաքում գործում են շուրջ 60 պետական և ոչ պետական բուհեր, ուսանողների թիվը հասնում է 100 հազարի, իսկ դասախոսական կազմը՝ 10 հազարի. «Եվ հետո, այսօրվա բոլոր բուհերի շենքերը կառուցվել են նախապատերազմական շրջանում, նրանք արդեն վթարային են»։ Նախագծի հեղինակի հետ չհամաձայնեց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանը։ Նա վստահ է, որ բուհերը երբևիցե չպետք է հեռացնել մայրաքաղաքից, այլ պետք է ուղղակի զարգացնել հանրապետության մյուս մարզերում ու քաղաքներում արդեն իսկ գործող համալսարանները. «Ոչ մի ուսանող Երևանից կամ Մեղրիից չի մեկնի ուսանելու, ասենք, Վայոց ձորի այսինչ քաղաքում։ Հայաստանում լուծված չեն ճեպընթացների ու արագընթաց տրանսպորտի հարցերը։ Ուրեմն ինչպե՞ս կարող է, ասենք, 65 տարեկան դասախոսը ամեն օր Երևանից մեկնել Վայոց ձոր և հետ վերադառնալ: Գեղարվեստի ակադեմիայի ուսանողն անհրաժեշտություն ունի շաբաթը մեկ անգամ այցելել այս կամ այն պատկերասրահ, ուրեմն պետք է պատկերասրահնե՞րն էլ Երևանից այլ քաղաքներ տեղափոխել»։ Ի դեպ, Երևանը տարաբնակեցնելու ծրագիրը քննարկվել է մի շարք պատգամավորների և Գյումրիի քաղաքապետի ներկայությամբ։ Հարցն ուսումնասիրելու համար Կառավարությունը պետք է հատուկ հանձնաժողով ստեղծի: