Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցում Ադիբեկյանը զուգահեռ է տանում «Բիլայն»-ի հետ (տեսանյութ)

Հասարակություն
78d0a3c9e32132cd2ed0d378bc49d055

Համաձայն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ղեկավարած «Սոցիոմետր» կենտրոնի տվյալի՝ մեր երկրում մեկ շնչին ամսական 42 դոլար գումար է բաժին ընկնում։ Այս և այլ հաշվարկներից ելնելով՝ սոցիոլոգը դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը, որի մասին խոսվում է վերջին օրերին։ Ըստ նրա՝ եթե գինը բարձրացվում է, հարց է առաջանում, թե ինչի հաշվին։ «Ընտանիքներ կան, որ լույս չեն օգտագործում, կարող են 1 ժամով հեռուստացույց միացնել, դիտել ու անջատել»,-շեշտում է պարոն Ադիբեկյանը։ Իր կենտրոնի հաշվարկով՝ աղքատները կազմում են երկրի բնակչության 50 տոկոսը, որոնց մի մասը մտավորականներ են։ Իսկ մտավորականին անհրաժեշտ է էլեկտրաէներգիան, որպեսզի օգտվի հեռուստացույցից, համակարգչից։ «Պետությունը պետք է լրջորեն քննարկի այս հարցը, քանի որ սա կհարվածի ընտանիքների ընդհանուր կեցությանը»,-նշել է սոցիոլոգը։ Բանկերում էլ 1 միլիոնից ավելի հաճախորդ կա և նրանց հաշվին պահված գումարի չափն էլ կնվազի։ «Գուցե այս դեպքում էլ «Բիլայն»-ի տնօրենի նման, որևէ մեկը գումարներ է յուրացրել և հիմա այդ պատճառով սակագինը բարձրացնում են»,-չի բացառում սոցիոլոգը։ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ ոչ մի հիմնավորում չի տեսնում՝ էլեկտրաէներգիայի թանկացման հարցում։ «Ասում են՝ ներդրումներ են անում ամեն տարի՝ մոտ 10 մլրդ դրամի չափով, բայց դա դժվար է վերահսկել։ Շենքերի էլեկտրալարերը տարիներ շարունակ նույնն են մնում։ Համարյա թե ոչ մի բան չի արվում։ Այդ ներդրումներն ո՞ւր են գնում, չգիտես»,-շեշտել է նա։ Պարոն Չիլինգարյանը հիշեցնում է, որ սա թանկացման առաջին դեպքը չէ։ «2013-ին բարձրացման հարց եղավ, սպառողներն այնքան էլ ուշադիր չգտնվեցին և դա արվեց։ 2014-ին էլ, դրանից ոգևորվելով՝ 10 տոկոսով բարձրացրին էլեկտրաէներգիայի սակագինը։ Եթե 30 դրամ էր, հիմա 60 է դառնալու։ 2 տարվա ընթացքում 100 տոկոսով թանկացում, նման բան որևէ երկրում չկա»,-ընդգծել է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահը։ Վստահ է, որ սակագնի հերթական բարձրացումը կբերի ապրանքների ու ծառայությունների թանկացման։ «Մենաշնորհ կա, դրա համար էլ այս վիճակն է»,-նշել է պարոն Չիլինգարյանը։