Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղցկեղի դեմ պատվաստանյութը հնարավոր կլինի կիրառել նաեւ պետպատվերով

Հասարակություն
patvastum

Զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման, կանխարգելման եւ վերահսկման համար Առողջապահության նախարարությունը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ծրագիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը նշեց, որ զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի ախտորոշման թիրախային խմբերում ընդգրկված են 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները, իսկ արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման եւ քաղցկեղի կանխարգելման թիրախային խմբում՝ 30-60 տարեկան բոլոր կանայք: Տարվա սկզբից մինչ օրս սքրինինգային ծրագրով իրականացվել է 7150 թեստի հետազոտություն, իսկ շուրջ 56000 քաղաքացիների մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը: Արդյունքում հետազոտվածներից 10 տոկոսի մոտ գրանցվել է նորմայի հետ կապված տատանումներ եւ պետք է կատարվի լրացուցիչ հետազոտություն: Նելսոն Զուլոյանի խոսքերով՝ մյուս հետազոտությունների արդյունքները դեռ պարզ չեն: Ի դեպ, սքրինինգային հետազոտությունները պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում իրականացվում են անվճար՝ մեկանգամյա օգտագործման սարքավորումներով: Հայաստանում մահացության հիմնական բեռը՝ մոտ 80 տոկոսը, բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, որոնցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են՝ 48, ապա չարորակ նորագոյացությունները՝ 20,8 տոկոս, իսկ երրորդ տեղում՝ շաքարային դիաբետը՝ 4,7 տոկոս: Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն էլ անդրադառնալով բոլորին հուզող արգանդի վզիկի քաղցկեղի դեմ կիրառվող պատվաստանյութին՝ նշեց, որ   այն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կա եւ ով ցանկություն ունի, վճարովի հիմունքներով կարող է պատվաստվել: Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ առաջիկայում պատվաստումը հնարավոր կլինի իրականացնել նաեւ պետպատվերի շրջանակում: