ՄԻԵԴ վճռով ՀՀ կառավարությունը 160 հազար եվրո կվճարի, նաեւ՝ տույժ ու տուգանք
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ՀՀ կառավարությունն այսօր բյուջեից 160 հազար եվրո հատկացրեց Երեւանի Կենտրոնում ապրող 3 ընտանիքների։ Նրանք պետական շահի անվան տակ զրկվել էին իրենց բնակարաններից։ Ավելին՝ Արդարադատության նախարարը նշեց, որ փոխհատուցման տրամադրման ժամկետը ուշացել է՝ մինչեւ մայիսի 13-ը գումարը պետք է վճարված լիներ, հետեւաբար նաեւ տույժ եւ տուգանք է վճարվելու՝ մոտ 150 եվրո։ Հովհաննես Մանուկյանի խոսքերով՝ հարցը բոլորի ուշադրության կենտրոնում էր, ուստի վարչապետի հանձնարարությամբ վերլուծություն է կատարվել։ Ըստ այդ վերլուծությունների՝ ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ վճիռներն այնքան էլ շատ չեն։ 2010 թ.-ից մինչեւ այս տարվա մայիսի 1-ը ընդդեմ ՀՀ-ի 31 վճիռ է կայացվել, իսկ բյուջեից էլ փոխհատուցվել է 555.000 եվրոյին համարժեք դրամ։ Նախարարի խոսքերով՝ ՄԻԵԴ-ը Ադրբեջանի վերաբերյալ 104, Մոլդովայի վերաբերյալ 179, իսկ Բուլղարիայի վերաբերյալ 300 վճիռ է կայացրել։ «Հայաստանի վիճակը բարվոք է, սակայն դա չի նշանակում, որ համապատասխան միջոցներ չպետք է ձեռնարկվեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ պետք է օրենքները բարելավվեն, ինչպես նաեւ դատավորները ենթարկվեն պատասխանատվության։ Սակայն անընդունելի է դատավորների նկատմամբ ֆինանսական պատասխանատվություն սահմանելը։