«Սամսունգ»-ի ներկայացուցչությունն ըստ ամենայնի կփակվի
«Սամսունգ»-ի պաշտոնական ներկայացուցչությունը մեր երկրում փակվելո՞ւ է, թե՞ ոչ։ Երևանում գտնվող «Սամսունգ» էլեկտրոնիկայի խանութի աշխատակիցները նշում են, թե իրենք նման բան չեն լսել և կարծում են, որ եթե անգամ դա տեղի ունենա, ապա իրենց չի վերաբերի։ Հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ա1+»-ը երկու օր է՝ փորձում է կապ հաստատել Հայաստանում «Սամսունգ»-ի ներկայացուցչության հետ, սակայն նրանց հեռախոսահամարը չի պատասխանում։ Մենք կարճ հեռախոսազրույց ունեցանք ներկայացուցչության հաշվապահ Լուսինեի հետ։ Վերջինս, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ Իսկ «Սամսունգ սերվիս»-ի տնօրեն Վարազդատ Մարգարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ պաշտոնական տեղեկություն այս մասին չունի։ «Մենք բնականոն հունով աշխատում ենք, տեխնիկան նորոգվում է մեզ մոտ։ Բայց կա վաճառքների կրճատում։ Ինչպես հայաստանյան բոլոր կազմակերպություններում, մեզ մոտ էլ վիճակը վատ է»,-ընդգծեց նա։ «Ա1+»-ը նամակ է ստացել, ըստ որի՝ «Սամսունգ» ընկերության ղեկավարության՝ մայիսի 6-ի հրամանի համաձայն, ՀՀ-ում «Սամսունգ»-ի պաշտոնական ներկայացուցչությունը կլուծարվի մինչև ամսի 29-ը։ Նշված է, որ այդ մասին տեղեկացվել են ներկայացուցչության՝ թվով մոտ 10 աշխատակիցները և որի պաշտոնական որոշումը կայացվել է սույն թվականի ապրիլի 24-ին (ենթադրվում է ամսաթիվը նույնպես պատահական չէ ընտրված)՝ Ադրբեջանում «Սամսունգ»-ի տարածաշրջանային ղեկավարության կողմից։ Դեռևս փետրվարին ներկայացուցչությունում որոշ պաշտոններ կրճատվել էին, այդ թվում՝ ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանի։ Նա, ըստ որոշ աղբյուրների՝ անհամաձայնություն էր հայտնել կովկասյան տարածաշրջանային կենտրոնը Ալմաթայից Բաքու տեղափոխելու ՝ ղեկավարության որոշման հետ և հրաժարվել էր կատարել Բաքվից եկող հրամանները»։ Պատրաստ ենք հրապարակել ընկերության կողմից ներկայացվող առավել մանրակրկիտ մեկնաբանություն։