«Փյունիկ» - «Միկա» եզրափակիչ խաղը վստահել են իտալացիներին
Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի գավաթի 24-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Պատվավոր մրցանակի համար կպայքարեն Երեւանի «Փյունիկն» ու «Միկան», որոնք բոլորից հաճախ են դարձել գավաթակիր` համապատասխանաբար 7 եւ 6 անգամ: Փյունիկցիները ներկայումս վստահ գլխավորում են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը` 23 խաղում վաստակելով 51 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակը» ետ է մնում 6 միավորով, բացի այդ մեկ խաղ ավելի է անցկացրել: «Միկան» 24 տուրից հետո ունի 33 միավոր եւ զբաղեցնում է 4-րդ տեղը: Նրան հաջորդող «Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանը» 5 միավոր քիչ ունեն: Ելնելով մրցաշարային գործերից, գավաթի եզրափակիչն ավելի կարեւոր նշանակություն ունի «Միկայի» համար, որը հաղթելու դեպքում կնվաճի Եվրոպայի լիգայի ուղեգիր, իսկ անհաջողության ժամանակ պետք է շարունակի պայքարել 4-րդ տեղի համար: Ուստի, միկացիների համար եզրափակիչն իսկական կենաց ու մահու խաղ է լինելու: «Փյունիկն» արդեն ապահովել է իր մասնակցությունը Եվրոպայում, ուստի թիմն ավելի անկաշկանդ կլինի եզրափակիչում: Զարմանալի չէ, որ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հենց «Փյունիկին»` 1,44 գործակից հաղթանակի, 6,50` պարտության համար: Հիշեցնենք նաեւ, որ «Փյունիկը» վերջին երկու խաղարկությունների հաղթողն է: Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները` Ջանլուկա Ռոկիի գլխավորությամբ: