Նիկիտա Սիմոնյանը պատրաստ է գլխավորել Ռուսաստանի ֆուտբոլը
Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը պատրաստ է ժամանակավորապես դառնալ կազմակերպության ղեկավար, եթե հրաժարական տա ներկայիս նախագահ Նիկոլայ Տոլստիխը: Նման հայտարարությամբ հանդես է եկել անձամբ Սիմոնյանը: «Չէի ցանկանա, որ գործը դրան հասներ, բայց ստիպված եմ լինել պաշտոնակատար: Ես աջակցում եմ Տոլստիխին, սակայն հարգում եմ նաեւ գործկոմի անդամներին: Բարդ իրավիճակ է ստեղծվել, ընդիմադիրները վաղուց են անվստահություն հայտնել նրան: Այս պահին, ինչպես ասում են, ոչ կարմիրների, ոչ էլ սպիտակների կողմն եմ: Ես հայրենական ֆուտբոլի կողմն եմ, որ այն չտուժի», - նշել է անվանի ֆուտբոլիստը: Հավելենք, որ Նիկիտա Սիմոնյանը նախկինում երկու անգամ նշանակվել է ՌՖՄ-ի նախագահի պաշտոնակատար` 2009 թվականի նոյեմբերից մինչեւ 2010-ի փետրվարը եւ 2012թ հունիսից մինչեւ սեպտեմբերը: