Կյանքն ապացուցեց, որ Հիտլերը սխալ էր. Քերոլայն Քոքս
«Ցավում եմ, որ ներկայացնում եմ մի երկիր, որի կառավարությունն այսօր հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ՝ դա ամոթ է»,- «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ժամանակ հայտարարեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: «Մի քիչ ուրախալի է, որ Ուելսը և Շոտլանդիան ճանաչել են Ցեղասպանությունը, իսկ նրանք Մեծ Բրիտանիայի մաս են կազմում»: Նա նշեց, որ այս շատ կարևոր ֆորումում հնչեց, թե որքանով է կարևոր ճանաչել ճշմարտությունը, որի ճանաչումը էական է թե՛ հաշտեցման, թե՛ բուժման, թե՛ հետագա ընթացքի համար։ Անդրադարձ կատարելով Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինի ելույթին՝ նա ասաց, որ ուզում է խոնարհվել Պապի առջև իր հզոր հայտարարության համար. «Իմ համոզմամբ՝ թուրք ժողովրդի շահերից է բխում ճանաչել Ցեղասպանությունը, և ես գնահատում եմ, որ այս ֆորումին մասնակցում են նաև թուրքեր: Ես հարգանքով եմ վերաբերվում այդ անձանց»,- ասաց Քոքսը։ Բարոնուհին հիշեցրեց, որ Ցեղասպանության ճանաչման համար շատերը հատուցեցին իրենց կյանքի գնով, ինչպես օրինակ Հրանտ Դինքը: Իր ելույթի վերջում անդրադառնալով Ադոլֆ Հիտլերի ժամանակին արած այն հայտարարությանը, թե ով է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը, Քոքսն ասաց: «Կյանքը ապացուցեց, որ դա սխալ է: Մենք կոչ ենք անում մարդկանց, ովքեր հետաքրքրված են ճշմարտության բացահայտումով, իրենց ձայնը բարձրացնեն հիշողության համար, որովհետև եթե արհավիրքի հետևանքները, ցեղասպանությունները չեն ճանաչվում, չեն դատապարտվում՝ դրանք շարունակական են լինում»: Ի դեպ, բարոնուհին իր խոսքի ընթացքում կորցրեց իր ելույթի էջերը ու պարզաբանեց, որ դա այս թեմայի մասին խոսելու հուզմունքից է։