Միջազգային բուռն արձագանքը կարող է մարել, եթե Հայաստանը հետեւողական չլինի (տեսանյութ)
Թուրքիան խիստ ագրեսիվ արձագանքեց Սուրբ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոսի ելույթին, ով 1915 թվականին տեղի ունեցածը անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։ Անգամ Վատիկանից հետ կանչեց իր դեսպանին։ Թուրքիայի արձագանքը զարմացրել է հայ քաղաքագետներին։ Կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականը պարզապես երեկ կրկնել է իր նախորդի՝ Հովհաննես Պողոս 2-րդի՝ դեռեւս 2001թ. հնչեցրած խոսքերը։ Պապի ելույթը չի զարմացրել ՀՅԴ հայ դատի երեւանյան գրասենյակի պատասխանատուին։ Բայց այն, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագն ու Պապի ելույթը գրավեցին միջազգային մամուլի էջերը, չի հերքում, որ ի օգուտ մեր երկրի էր։ Միջազգային բուռն արձագանքը, սակայն, կարող է շատ արագ մարել, եթե Հայաստանը հետեւողական չլինի։ Մասնագետներն ու քաղաքական գործիչները, չեն բացառում, որ Թուրքիան կարող է փորձել ավելի վճռական քայլերի գնալ օգտագործելով թե հայ- թուրքական արձանագրությունները եւ թե ԼՂ հակամարտությունը։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ վստահեցնում են, որ 1915 թվականին 1,5 միլիոն հայի կոտորած պետությունը վաղ թե ուշ ճանաչելու է եւ հատուցելու։