«Փյունիկը» ջախջախեց «Արարատին»
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության 20-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Մրցաշարի առաջատար Երեւանի «Փյունիկը», ինչպես եւ սպասվում էր, սեփական հարկի տակ հեշտությամբ հաղթեց ետնապահ «Արարատին»՝ 4:0: Փյունիկցիները վաստակեցին 45 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում, քանի որ նրանց հետապնդող Երեւանի «Ուլիսն» այսօր 0:1 հաշվով պարտվեց «Միկային»: Այժմ «Փյունիկը» ուլիսցիներին գերազանցում է 7 միավորով: Վաղը տեղի կունենան 20-րդ տուրի մնացած երկու հանդիպումները: 4-րդ հորիզոնականի համար պայքարող Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի մրցանակային տեղերին հավակնող Գյումրիի «Շիրակին»: Տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանը» իր հարկի տակ կմրցի Երեւանի «Բանանցի» հետ, որոնք նույնպես պայքար են մղում 4-րդ տեղի համար: Ի դեպ, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաշվի առնելով Մեծ զատիկի տոնի կարեւորությունը, Ա սերիայի հերթական տուրի բոլոր 10 խաղերն անցկացնում է այսօր, որպեսզի ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերները կիրակի օրը հանգիստ նշեն եկեղեցական այդ տոնը: Ավաղ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ հաշվի չի առնում այդ հանգամանքը: