Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաստակը մի նետեք գետնին. այն սպանում է թռչուններին (տեսանյութ)

Հասարակություն
bird

Մեր հանրապետությունում բնակվող 351 տեսակի թռչուններից 26-ն ընդգրկված է Կարմիր ցուցակում։ Այստեղ տեղ են գտնում վտանգի տակ գտնվող թռչունները։ «Լճերում ձկնորսությամբ զբաղվելու արդյունքում վնասում են նրանց. իրենք հաճախ խճճվում են ցանցերում։ Սյունիքի մեծածավալ հանքարդյունաբերությունը նույնպես բավականին բացասաբար է անդրադառնում»,-Թռչունների պաշտպանության միջազգային օրն իր անհանգստությունն է հայտնել «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը։ Նրա խոսքով՝ մոխրագույն կռունկն օրինակ հազվագյուտ թռչնատեսակ է, որի բնադրավայրերի հարցում խնդիր ունենք։ Անգղների դեպքում էլ 60 տոկոս անկում կա, պատճառը կերակրաբազան է, ինչպես նաև՝ չկանոնակարգված որսը։ Տիկին Ադամյանը նշել է նաև, որ օրեր առաջ արագիլների համար 7 արհեստական՝ երկաթից կարկասով, բույն են պատրաստել։ Դրանք էլեկտրալարերից բավականին վերև են, որպեսզի հրդեհ չբռնկվի, քանի որ նման նախադեպեր եղել են։ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահը զայրացած է հատկապես մայրաքաղաքում ծառերի էտումից։ «Այդ կերպ, այդքան շատ չի կարելի էտել ծառերը, դա նույնպես ազդում է թռչունների վրա։ Պատրաստվում եմ նամակ գրել քաղաքապետարանին՝ այս խնդրին լուծում տալու համար»,-նշել է նա։ Քաղաքում առկա աղբը ևս իր բացասական ազդեցությունն է թողնում թռչունների վրա։ Նրանք դա որպես սնունդ փորձում են ընդունել, բայց չկարողանալով մարսել՝ սատկում են։ Կենդանիների պաշտպան, ակտիվիստ Կարինե Փանոսյանն իր հերթին կոչ է անում նվազագույնի հասցնել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կենցաղում, փողոցում էլ աղբ չնետել՝ թեկուզ ամենաչնչին։ «Մաստակն էլ իրոք սպանում է թռչուններին, բայց մեր քաղաքում հաճախ են դա նետում գետնին»,-շեշտել է նա։ Նկատում է, որ մեզ մոտ հիմնականում ագռավներ ու կաչաղակներ են մնացել, բայց մյուս թռչուններն էլ պետք են։ Ակտիվիստի խոսքով՝ մեծ քանակի մոծակների առկայությունը, ալերգիաների շատացումը հենց թռչունների պակասի արդյունք է։