Նոր զինանշանում առյուծի բերանը կբացվի (տեսանյութ)
ՀՀ պետական զինանշանը չի համապատասխանում գերբագիտության օրենքներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պետական խորհրդանիշների՝ մասնավորապես գերբի վրա փոփոխություններ անելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության հրամանագրով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամ, մշակութաբան Գագիկ Մինասյանը։ «Գերբը ազգի անձնագիրն է, իսկ մեր գերբը մի շարք թերություններ ունի, որոնք տարիների ընթացքում են առաջացել, մասնավորապես փակ է առյուծի բերանը, մինչդեռ պետք է բաց լինի, քանի որ դա խորհրդանշում է ազգի քաջությունը, գերբի վրա նկարած սուրը կոտրված է և գտնվում է շղթաների մեջ, իսկ ներքևի ժապավենի վրա կարգախոսը չկա»։ Հանձնաժողովի անդամ, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով անձամբ է հանդես եկել գերբի վրա փոփոխություններ անելու առաջարկով, տեղեկացրեց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքը մինչև տարեվերջ պատրաստ կլինի. «Ես իքնս նոր տարբերակներ եմ մշակում։ Գույները չենք փոխելու, բայց առյուծը արդեն կունենա բաց բերան, հիվանդ ու խեղճ տեսք չի ունենա, ինչու ոչ, բաց կլինի նաև արծվի բերանը, իսկ սուրը շղթայակապ էլ չի լինի»։ Թե Գագիկ Մինասյանը, թե Կարեն Աղամյանը համոզված են, որ գերբի փոփոխությունները պետք է սկսել նախևառաջ համապատասխան օրենքում փոփոխություններից , մասնավորապես՝ զինանշանը նկարագրել գերբագիտության լեզվին համապատասխան։