Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շրջանառության հարկի մասին» օրենքը ընդունվեց. այն ՓՄՁ-երի սրտո՞վ էր

Կարևոր լուրեր Քաղաքականություն
աժ

92 կողմ, 6  դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» նոր փոփոխությունները: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նոր փոփոխությունների վերաբերյալ ասաց, որ իրենք ունեին երեք առաջարկ, որոնցից երկուսուկեսը ընդունվել են. «Իմ գործընկերներն էլ հանդիպել են ՓՄՁ-երի հետ, եւ մենք սկզբունքորեն կողմ ենք: Իսկ այն չփաստաթղթավորված մասը ընդհանուր շրջանառության մեջ շատ փոքր է լինելու: ԲՀԿ-ն կողմ է լինելու»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ կառավարության կողմից բերվել է բավական ճկուն մի տարբերակ, որը մեծամասնության կողմից ընդունելի է, սակայն կա մի բայց. «Նախատեսվում է դրույքաչափի հինգ տոկոս բարձրացում: Մենք չենք կարող կողմ քվեարկել մի նախագծի համար, որը նախատեսում է  հարկային դրույքաչափի բարձրացում որոշ ՓՄՁ-երի համար»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ուզում է հստակեցնել իրենց խմբակցության դիրքորոշումը. «Երեկ մենք հանդիպել ենք ՓՄՁ-երի հետ ու իրենք են հենց մեզ հորդորել՝ քվեարկել կողմ, քանի որ այս նոր նախագիծը միանշանակ բավարարում է ՓՄՁ-երին»: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նախ նշեց, որ տեղի է ունենում մշակութային փոփոխություն՝ կոնկրետ խնդիրները ներկայացնում է կոնկրետ, տվյալ դեպքում՝ տնտեսական ոլորտի նախարարը՝ Էկոնոմիկայի նախարար Կարեն  Ճշմարիտյանը: Ես դեմ եմ քվեարկելու, քանի որ մինչ այս րոպեն չունեմ տեղեկություն՝ իմ առաջարկներն ընդունվել են, թե ոչ»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ լավ կլիներ, եթե կանգ առնեին երեքուկես տոկոսի վրա, քանի որ խնդիրներ են առաջանում ստուգումների հետ կապված. «Մենք ձեռնպահ ենք մնում, քանի որ թեեւ այս նախագիծը մեկ քայլ առաջ է, սակայն հարկային ստուգումների մահակը թողնում ենք առկախված ՓՄՁ-երի գլխին»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նկատեց, որ խնդիրն այն է, որ չկա սկզբունքային պայքար կոռուպցիայի ու ստվերի դեմ: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ չի թաքցնում, որ հինգ տոկոսն ու շեմի բարձրացումը նշվել են Կառավարությանն իր ուղղած նամակներից հետո. «Եթե դնում ենք երեք տոկոս, միեւնույնն է, երեք այդքան էլ հարկային տեսուչն է վերցնելու: Արդյոք հաշվապահական բոլոր հարցերը ճի՞շտ են լուծվել ու պրակտիկայում դա չի՞ չարաշահվի»: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ուզում է հիմնավորել իրենց ձեռնպահ լինելը. «Կարեն Ճշմարիտյանը առաջարկեց քննարկել մեր այն առաջարկները, որոնք վերբերում են փաստաթղթավորված ապրանքների մնացորդների հաշվառմանը: Բացի այդ, փոքր շրջանառություն ունեցող այն տնտեսվարողները, որոնք պետք է ձեռք բերեն նոր սերնդի ՀԴՄ-եր, պետությունը ի՞նչ աջակցություն պետք է ցուցաբերի»: Այս քննարկումները դուր չեկան ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին եւ նա համբերությունից դուրս գալով՝ ասաց. «Օրենքի քննարկում է գնում արդեն, դրեք քվեարկության, պրծնեն, գնան»: «Մարդկանց խոսքի ազատությունից չի կարելի է զրկել»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է լինելու ու սկսված քաղաքական շահարկումներից պետք է զերծ մնալ, քանի որ սա կատարվել է ՓՄՁ-երի սրտով: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւս նշեց, որ այս օրենքը շատ շահարկվեց, սակայն սա այն հազվագյուտ դեպքերից է, որ կա բարելավում ի օգուտ գործարարի: Ըստ այդմ, նա կողմ քվեարկեց: ԱԺ-ն այսօր նաեւ  98 կողմ,  2 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի եւ այլ արտոնությունների վերաբերյալ նախագծերը: