Դատավորի թեկնածուն բոլորին համարում է իրեն մրցակից (տեսանյութ)
Միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածու Արա Ղազարյանը մրցույթին պատրաստվելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նշում է, որ դա իր ամենօրյա աշխատանքն է։ «Որեւէ հարց չկա, որ ես գնամ կարդամ, որ հանձնաժողովի հարցերին պատասխանեմ, օրվա մեջ չկա որեւէ ժամ, որ չնվիրեմ կոնվենցիային»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Արա Ղազարյանը։ Միեւնույն ժամանակ, մյուս 14 թեկնածուներին նա համարում է իրեն մրցակից։ «Բոլորն էլ տարբեր ճանապարհներ են անցել, փորձված են, բոլորն էլ առնչվել են Կոնվենցիայի հետ՝ գուցե մեկը մի քիչ շատ,մյուսը՝ քիչ, որոշ մարդկանց հետ աշխատել եմ, որոշ մարդկանց լավ գիտեմ, ուստի բոլորն էլ մրցակից են, որովհետեւ բոլորի համար հավասար պայմաններ կան»,- ավելացրեց նա։ Հիշեցնենք, որ Արա Ղազարյանը նախորդ մրցույթում ընդգրկվել էր հաղթող եռյակի մեջ, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանին Խորհրդատվական խումբը չէր համարել իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորից: Նելիկ Հարությունյանը կրկին մասնակցում է այս մրցույթին։ Արա Ղազարյանի խոսքերով՝ յուրաքանչյուր թեկնածուի՝ այդ թվում Նելիկ Հարությունյանի իրավունքն է կրկին մասնակցել մրցույթին։ Մրցույթը տեղի է ունենալու 2015 թվականի փետրվարի 26-ից ժամը 09:00-ից սկսած, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի շենքում՝ գրադարանի դահլիճում։