«Յուվենթուս»-ն ու «Բորուսիա»-ն կրկին կպարզեն հարաբերությունները
Այսօր տեղի կունենան Եվրոպայի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի հերթական հանդիպումները: ՈՒԵՖԱ-ն վերջին տարիներին այս մրցաշարի փլեյ-օֆֆի խաղերն այնպես է բաժանում, որ դրանք անցկացվեն տարբեր շաբաթներում, որպեսզի երկրպագուները կարողանան ավելի շատ խաղեր դիտել ուղիղ եթերով: Այսօր կայանալիք երկու հանդիպումներից հայ ֆուտբոլասերներին բոլորից շատ հետաքրքրում է «Յուվենթուս» - «Բորուսիա» (Դորտմունդ) խաղը: Պատճառն այն է, որ գերմանական թիմում ներկայումս հանդես է գալիս Հայաստանի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը: Թիմերը վաղուց են իրար ճանաչում, դեռեւս 1993 թվականից, երբ առաջին անգամ հանդիպել են ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչում: Այն տարիներին «Յուվենթուս»-ը 3 անգամ հաղթահարել էր «Բորուսիա»-ի արգելքը: Սակայն 1997 թվականին գերմանական ակումբը լիարժեք ռեւանշի է հասնում իր մրցակցի նկատմամբ, քանի որ նրան հաղթում է հենց չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Հենրիխ Մխիթարյանը «Յուվենթուս»-ի դեմ խաղալու փորձ ունի արդեն: Նա երկու տարի առաջ Դոնեցկի «Շախտյորի» կազմում երկու անգամ մրցել է թուրինցի ֆուտբոլիստների հետ: Սակայն ավելի ուշագրավ է այն, որ իտալական ակումբն այժմ հետաքրքրվում է հայ ֆուտբոլիստով եւ ամենայն լրջությամբ ցանկանում է ձեռք բերել նրան: Բուքմեյքերներն այս խաղում նախապատվությունը տալիս են «Յուվենթուս»-ին, քանի որ այն խաղում է սեփական դաշտում, բացի այդ հաջող է հանդես գալիս երկրի առաջնությունում: «Բորուսիա»-ն այս տարի անկայուն է հանդես գալիս, ազգային առաջնությունում պայքար է մղում ուժեղագույնների խմբում իր տեղը պահպանելու համար, իսկ ահա չեմպիոնների լիգայում ավելի արդյունավետ խաղ է ցուցադրում: