Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարմիր խաչ»-ը չի հետաքրքրվում Ադրբեջանում պահվող հայազգի գերիներով» (տեսանյութ)

Քաղաքականություն
geri

Արցախյան ազատամարտից մինչև այսօր մեր երկիրն ունի հազարից ավելի անհայտ կորածներ, որոնցից 90-94 հոգի միայն պատերազմի ընթացքում է անհետացել։ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը զբաղված է այդ անձանց տվյալների ճշգրտմամբ։ Հակառակ կողմը չի համաձայնում ետ վերադարձնել գերիներին։ «Չենք կարողանում Ադրբեջանի հետ լեզու գտնել ոչ մի ձևով»,-շեշտել է հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը: Նրա խոսքով՝ ալիևյան ռեժիմն է իշխում այնտեղ, և իրենք չեն կարողանում կոնտակտի դուրս գալ այդ երկրի հետ: Ավելին, Ադրբեջանը ժխտում է, թե իր մոտ գերիներ են պահվում։ «23 տարի է՝ տառապելով ապրում ենք»,-նշել է անհայտ կորած ազատամարտիկ Վրեժ Գրիգորյանի մայրը՝ Սամարա Գրիգորյանը: Հույս ունի, որ կգա այդ օրը, ու տղաները ետ կգան։ Իրենք չեն էլ ուզում պատկերացնել, որ հերոս տղաները զոհվել են: Տիկին Գրիգորյանը հույս ունի, որ Կառավարությունը ջանք չի խնայի, որպեսզի ետ վերադարձնի այնտեղ պահվող տղաներին։ Անհայտ կորած ազատամարտիկ Ռուդիկ Գևորգյանի կինը՝ Ալվարդ Սահակյանն էլ նշել է, որ որոշ տվյալներ իրենց չեն ասվում՝ անվտանգությունից ելնելով: Հանձնաժողովի անդամները միաբերան շեշտել են, որ «Կարմիր խաչ» կազմակերպությունը միայն ծայրահեղ դեպքում է միջամտում, մնացած դեպքերում իրենց չի հաջողվում այդ կառույցի հետ արդյունավետ աշխատել։ «Կարմիր խաչ»-ը չի հետաքրքրվում նաև, թե ինչ պայմաններում են Ադրբեջանում պահվում հայազգի գերիները։