Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի նախագիծը մերժվեց. դեմ արտահայտվեց նաեւ Լեւոն Զուրաբյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-pashinyan

4 կողմ, 68 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր չընդունեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը: Մինչ այդ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ներկայացված նախագիծը կարեւոր է, սակայն այդ հարցը պետք չէ անլրջացնել. «Մենք Ազատության հրապարակում ընդունել ենք այդ մասին հռչակագիր, ինչո՞ւ պատգամավորը, առանց խմբակցության հետ կոնսուլտացիա անցկացնելու, շեղվել է հռչակագրից: Նման թույլ փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին»: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց. «Մի սարքեք այստեղ թատերաբեմ»: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ավելացնելու ոչինչ չունի, ամեն ինչ քննարկել են հանձնաժողովում»: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ անկախ իրավական հիմնավորումներից, ձեւակերպումներից, սա պատեհ առիթ է. «Հրապարակներում  այդ մասին խոսելու փոխարեն, սա լավ առիթ է բարձրաձայնելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին: Բացի այդ,  ցանկացած պատգամավոր իրավունք ունի առաջ քաշելու ցանկացած նախագիծ: Ես կողմ եմ քվեարկելու»: Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, որ այս հարցը խճճված է դարձել ընդդիմության դաշտում. «Առանց փակագծերը բացելու՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ հանել նախագծի քվեարկությունը, որպեսզի այն քննարկվի ընդդիմադիր գործիչների հետ՝  շահարկման առիթ չդարձնելու համար»: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծը մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է, ու ոչ մի առաջարկություն չի եղել. «Սա այն դեպքում, որ ես ասել եմ, որ կընդունեմ ցանկացած առաջարկություն՝ առանց նայելու բովանդակությանը: Ավելին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին, եթե մեկը ներկայացներ նույնաբովանդակ մի նախագիծ, ապա ես, առանց քննարկման, դրա տակ կդնեի իմ ստորագրությունը: Հետեւաբար, հարցի քննարկումն ավարտված է»: