Փաստաբանները տուժող են ճանաչվել (տեսանյութ)
Փաստաբաններ Արգիշտի Կիվիրյանն ու Լուսինե Սահակյանը ճանաչվել են տուժող՝ հունվարի 15-ի միջադեպի գործով։ Ավետիսյան ընտանիքի անդամների մոմավառությանը մասնակցելու ժամանակ, նրանց Ազատության հրապարակից ոստիկանները բերման էին ենթարկել։ «Ոչ մի պահանջ չի ներկայացվել եւ բերման ենթարկվելուց 50 րոպե անց մեզ բաց են թողել, նույնիսկ ոստիկանության շենք չենք մտել։ Կարեն Մովսիսյանը հրահանգ տվեց, որ բոլորը բերման ենթարկվեն այդ վայրից, 13 հոգի բերման ենթարկվեց»,-«Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը։ Ոստիկանության գործողությունները նրանք համարում են անիրավաչափ, բայց միաժամանակ անսպասելի է եղել իրենց՝ իբրեւ տուժող ներգրավելը։ Այս պարագայում անգամ սպասելիքները մեծ չեն։ «Ոստիկանությունը անում է այն, ինչը իրենց հանձնարարում են, մնացած մարմիններն էլ ենթարկվում են այդ հանձնարարողներին։ Սպասել, որ ոստիկանները կպատժվեն՝ այս պահի դրությամբ չեմ հավատում դրան»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։ Արգիշտի Կիվիրյանն այսօր Վարչական դատարանում էր բոլորովին այլ գործով, որը հարուցվել է նրա դեմ, նախորդ տարվա ապրիլի 4-ին՝ Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ակցիան կազմակերպվել էր ի պաշտպանություն՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու։ «Սա տեղավորվում է իշխանությունների ակտիվ քաղաքացիներին ճնշելու հաշվեհարդար տեսնելու գործընթացում»,- ասում է պարոն Կիվիրյանը։ Ոստիկանությունը նրանից 50.000 դրամ է պահանջում. «Եթե ՀՀ-ոււմ լիներ արդարադատություն, ապա միանշանակորեն պետք է լուծվեր ի օգուտ ինձ։ Ոստիկանությունը գործել է ապօրինի, խախտվել են իմ իրավունքները եւ օրինական պահանջ չի ներկայացվել»։ Առայժմ, սակայն, Արգիշտի Կիվիրյանն է պատասխանողի կարգավիճակում՝ 8 գործերով։ Քաղաքացիական ակցիաների ակտիվ մասնակիցը մի գործով էլ ներգրավված է՝ որպես մեղադրյալ։