Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարածված են մայրաքաղաքում» (տեսանյութ)

Հասարակություն
child-abuse1

2014 թվականի մարտ-հուլիս ամիսներին 780 անձ, այդ թվում՝ 711 հոգի հանրակրթական հաստատություններում սովորող 9-ից 12-րդ դասարանի աշակերտներ, մասնակցել են «Երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության հարցումներին։ Այն իրականացվել է մայրաքաղաքում և Հայաստանի մի շարք մարզերում՝ «Մեդիա-Մոդել» ընկերության հետազոտավերլուծական թիմի կողմից։ «Երեխաների պաշտպանություն բռնությունից գիտելիքների ամրապնդման և լավագույն փորձի միջոցով» ծրագրի համակարգող Մարիա Շատվորյանը շեշտում է. «Հետազոտության նպատակն էր բացահայտել ՀՀ-ում 13-18 տարեկան երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները և կիբեռ հանցագործությունների ռիսկերը»։ Նրա խոսքերով՝ մանկավարժների կողմից երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունը տարածված է մայրաքաղաքում և հենց պետական դպրոցներում, քան մասնավոր։ Բանախոսը նաև նշում է, որ կիբեռհանցագործությունների ռիսկի տակ գտնվում են նախևառաջ տղաները, որոնք համաձայն հետազոտության արդյունքների՝ առավել հաճախ և երկարատև են գտնվում համացանցում։ Ըստ նրա՝ ռիսկային խումբը մեծ է հատկապես Երևանում, այնուհետև հյուսիսային մարզերում։ «Առհասարակ երեխաների նկատմամբ կիրառված բռնությունների հետ կապված հարցվածների 67%-ը նշել է , որ կբարձրաձայնի այդ մասին, իսկ 33%-ը ասել է, որ կնախընտրեր թաքցնել այդպիսի դեպքերը»,-ասաց Մարիա Շատվորյանը։