Երբ հիվանդանոցային պայմանները սրացնում են քաղցկեղով հիվանդի վիճակը (տեսանյութ)
65-ամյա կինը մի ամսվա ընթացքում չորրորդ հիվանդանոցն է փոխում։ Օրեր առաջ ընտանիքը ծանր ցավերով նրան Կապանից հասցրել է մայրաքաղաք։ Երեք տարբեր բուժկենտրոններում զանազան ստուգումներից հետո ի վերջո ուղարկել են Ուռուցքաբանության ազգային կենտրոն։ «Մենակ Կապանից ստեղ սկոռին 200.000 փողա ուզում։ Առաջինը բերել եմ Նաիրի, 700.000 հետազոտման համար, 5 օր պառկացրել են, մի կոյկան 30.000 ա»,-պատմում է նրա ամուսինը։ Տղամարդը դժգոհ է բուժհաստատություններում ցուցաբերվող վերաբերմունքից։ «Շատ վատ են ընդունում, շատ։ Ես ասի լավ կընդունեն։ Ոչ մի լավ բան։ Ցավերի մեջ էր, էն ժողովուրդն ասում էր՝ էս կնիկը մեղքա, գոռումա։ Արդեն երկրորդ շաբաթն է, բերել եմ, ոչ մի բան ոչ ստուգել են, ոչ բան են արել։ Հենց էսպես պառկել ա։ Ջուր են քաշել մի հատ, բա վերցրեք, տարեք»,-շեշտել է նա։ Ինքն ու կինը թոշակառուներ են, որդին էլ՝ հաշմանդամություն ունի։ Կնոջ բուժման համար նա արդեն 600.000 դրամից ավելի պարտք է արել։ Տունն էլ գրավ են դրել։ Չնայած Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժումն անվճար է, սակայն պնդում է, թե դա միայն թղթի վրա է։ «Անունը դրել են անվճար, լավն էնա՝ գնաս ամեն ինչ թանկ լինի, քան թե մտնես էս անվճարը»,-ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում