Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առուշանյանների ընտանիքը դադարեցրել է հացադուլը (տեսանյութ)

Հասարակություն
lavrent-Arushanyan

14 օր նախագահական նստավայրի դիմաց հացադուլ եւ նստացույց անցկացնող Առուշանյան ընտանիքի անդամներն այսօր դադարեցրել են հացադուլը։ Նրանք այս ծայրահեղ քայլին գնացել էին իրենց որդու՝ HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի գործով արդարացման դատական ակտ կայացնելու համար։ Նա մեղավոր է ճանաչվել 56 միլիոն 400 հազար դրամի գողությանն օժանդակելու համար։ Գումարը հափշտակվել է «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի ավտոմեքենայից։ Հարազատները համոզված են, որ Աշոտը դեպքի հետ ընդհանրապես կապ չունի, այս գործում պարզապես զոհ է եւ արդեն 3 տարի անհիմն է գտնվում անազատության մեջ։ Լավրենտ Առուշանյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը խոստացել է ընդունել իրենց. «Ասեց, որ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո մեզ կընդունի, բայց մեր պահանջը այն է, որ ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշումից հետո մեզ ընդունի, այլ մինչեւ որոշումը, որ հանրապետության նախագահին ասենք՝ ովքեր են կանգնած, մի՞թե կարելի է վարկածով մարդուն դատապարտել»,- «Ա1+»-ին ասաց Լավրենտ Առուշանյանը։ Նստացույցը, սակայն, Նախագահական նստավայրի դիմաց դեռ կշարունակվի։