Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքի փոփոխությունը վնասում է տաքսի ծառայություններին (տեսանյութ)

Հասարակություն
844e5950a513c40cfc600a8382cf7d0f

Տաքսիների լիցենզավորման մասին օրենքի փոփոխությունն ավելի ձեռնտու է անհատ տաքսու վարորդներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը: Նոր օրենքով, օրինակ, որոշվել է շրջանառությունից հանել դեղին համարանիշները։ Օրենքի այս կետը Վահագն Սահակյանի սրտով չէ։ Ըստ նրա՝ այդկերպ մարդիկ գոնե կողմնորոշվում էին՝ որ տաքսիից օգտվեն։ «Եթե մեքենայի ներսում չկա գնացուցակ, ապա կարող եք գումարը չվճարել։ Ըստ նոր օրենքի, մեքենայի արտաքին եւ ներքին մասում պարտադիր է գնացուցակի առկայությունը, որն իր մեջ կներառի նստելավարձը, մինիմալը, սպասելավարձը եւ կիլոմետրի արժեքը»,-ասաց Վահագն Սահակյանը։ «Բռավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանը նոր օրենքից գոհ չէ։ Եթե անհատ վարորդները լիցենզիայի համար Երեւանում արդեն 12 հազար դրամ են վճարելու, ապա իրենք յուրաքանչյուրի համար շարունակելու են վճարել 30 հազար։ «Առաջանում է նաեւ տուգանքների վճարման խնդիրը։ Դեղին համարանիշների դեպքում ճանապարհային ոստիկանությունից հարցում էր գալիս եւ տուգանքն ուղարկվում էր տվյալ վարորդին։ Իսկ այժմ խախտումների համար ստիպված են վճարել կազմակերպությունները»,-ասաց Լյովա Ավետիսյանը։ Ըստ Լյովա Ավետիսյանի, գուցե շատ տաքսի ծառայություններ լուծարվեն.վարորդները կնախընտրեն տաքսի ծառայություն մատուցել սեփական մեքենայով, կամ էլ մեկից մեքենա կվերցնեն։