Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում». Վարդան Պետրոսյան

Հասարակություն
Vadan-Petrosyan

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, սակայն առաջին օրվանից հաշտեցման եզրեր ենք փորձել գտնել»,- այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դերասան Վարդան Պետրոսյանը։ Իր վերջին խոսքում դերասանը նշեց,որ խորապես ցավում է այս ողբերգության համար եւ խաչը տանելու է իր ամբողջ կյանքում։ «Շատ եմ ցավում կատարվածի համար։ Կհավատաք, թե չէ, Աստված Ձեզ հետ»,- ասաց Վարդան Պետրոսյանը՝ դիմելով տուժողներին։ Նա նշեց, որ միշտ էլ տարբեր առիթներով փորձել են հաշտեցման եզրեր գտնել, սակայն դա չի հաջողվել։ «Հայաստանի պատմության մեջ չկա մի ավտովթար, որի տուժածների մոտ այսքան մարդ գնա։ Ես սերիական հանցագործ չեմ, հասկացեք դա: Իմ բոլոր ջանքերը որակվել են որպես դերասանություն: Ըստ ձեզ՝ ես էլ բան ու գործ չունեմ, որ նստեմ ընդեղ՝ բանտում, դերասանություն անեմ»,- հայտարարեց Վարդան Պետրոսյանը։ Դերասանը միաժամանակ հիշեցրեց, որ ով ուզում է հաշտվել, փնտրում է առիթ, ով չի ուզում հաշտվել, փնտրում է պատճառ։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Վթարը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։