Կարեն Հ. Գրիգորյանը` Հայաստանի շախմատի չեմպիոն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց 75-րդ եւ կանանց 70-րդ առաջնությունները:
Շախմատիստների պայքարում չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճեց գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Նա ոսկե մեդալից պարգեւատրվեց նաեւ 1,2 մլն դրամով:
Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրեց առաջին կարգային Արման Միքայելյանը, որը ցավալի պարտություն կրեց վերջին տուրում եւ կես միավորով ետ մնաց: Բրոնզե մեդալը վիճարկեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհանիսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, որոնք վաստակեցին 5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով երրորդ տեղը գրավեց Ռոբերտ Հովհանիսյանը:
Կանանց առաջնությունում հաղթեց առաջին կարգային Սուսաննա Գաբոյանը, որը վաստակեց 7 միավոր եւ ընդամենը կես բալով առաջ անցավ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանից:
Մրցանակային երրորդ տեղը 5,5 միավորով զբաղեցրեց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, որը միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ հավասար արդյունք ունեցող Արմինե Բաբայանից: