Դիվերսիայի փորձ. ունենք զոհ եւ վիրավոր
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ն. Ասատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն