Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքվի ջարդերը. տանում էին աղջիկներին, որոնք շատ թե քիչ գեղեցիկ էին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
baku1

1990թ. հունվարին Բաքվում հայերի մասսայական սպանություններն ու խոշտանգումները մինչ օրս էլ թարմ են ականատեսների հիշողություններում: Սերգեյ Ղուկասյանին հաջողվել է փրկվել։ Նա   հիշում է նկուղում խոշտանգված հորեղբոր պատմածները. «Այնտեղից աստիճաններով իջնում էին մաքուր թուրքական արտաքինով անձինք ու տանում էին հենց մայրերի գրկներից աղջիկներին, որոնք շատ թե քիչ գեղեցիկ էին, ու թե որտեղ նրանք կորան, անհայտ է»: 1990թ. հունվարի 13-ին Բաքվում բազմահազարանոց հանրահավաքից հետո հավաքված ամբոխը ներխուժել է հայերի բնակարաններ եւ սկսել ծեծել, սպանել, բռնաբարել, իսկ շատերին էլ` ողջակիզել: Ջարդերը տեւեցին ավելի քան մեկ շաբաթ: Խորհրդային իշխանությունը Բաքվում արտակարգ դրություն հայտարարեց, երբ քաղաքն արդեն հայաթափվել էր: Սերգեյ Ղուկասյանը մեկ այլ դեպք է հիշում, երբ ռուսական շարասյունն անցնելիս է եղել հայկական թաղամասի կողքով, ադրբեջանցիների պահանջով սկսել են կրակել. «Երբ ռուս զինվորները հարցրել են` ինչպես տարբերենք հային ադրբեջանցուց, մենք չենք սկսելու ստուգել ու հետախուզել բոլորին: Նրանց պատասխանում են` կրակեք բոլորին անխտիր, Աստված յուրայիններին կտարբերակի»: Յուրի Անանյանը, որն իր պապենական տունն էր թողել Բաքվում, այսօր ապրում է Սիսիանում եւ դժվարությամբ է համակերպվում անցյալի հուշերի հետ: Նա պատմում է, որ հակահայկական տրամադրությունները Բաքվում ամենուր էին. «Ես ավտոբուսի կանգառում լսեցի, որ ասում էին` մենք բոլորին կվռնդենք ու կմնանք միայն ադրբեջանցիներով»: Բաքվի հայերից շատերը արտագաղթել են ՌԴ, ԱՄՆ։ Հայաստանում հաստատվածների մեծ մասը ապրում է սոցիալապես վատ վիճակում։ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը փաստում է. «Նրանցից շատերը դեռեւս չունեն ապրելու տեղ, նրանցից շատերը դեռ չունեն աշխատանք, ահավոր ծանր պայմաններում են ապրում` հանրակացարաններում եւ այլն: Դա մեր ընդհանուր ամոթն է, պետության եւ հասարակության»: Մարինա Գրիգորյանի նախագծով պատրաստվել է փաստավավերագրական ֆիլմ` «Մեկ դար տեւող ցեղասպանություն. Բաքվի սեւ հունվար» վերնագրով: Նրա խոսքերով` մենք տիրապետում ենք այնպիսի մի փաստագրական տեղեկատվության, որով հնարավոր է Ադրբեջանին միջազգայնորեն պատասխանատվության ենթարկել. «Ես չգիտեմ, մինչ օրս մեր դիվանագիտությունն ինչու չի օգտագործում այդ փաստարկները, որոնք պետք է դառնային մեր ձեռքում մի շատ հզոր գործիք: Բայց առայժմ մենք լռում ենք»: