Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Բաքվի նման քաղաքականությունը վտանգում է կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում եւ լուրջ հարված հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին: Բակո Սահակյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը համապատասխան գնահատական տալու եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ