Մեր բանակը 2014-ին. ձեռքբերումներ, կորուստներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2014 թվականը սահմանը պահող հայ զինվորի համար հանգիստ տարի չէր։ Կորուստներին զուգահեռ, սակայն, ձեռքբերումներ էլ գրանցվեցին։ «Նախիջևանյան ուղղությամբ մենք ավելի բարելավված և ավելի ամուր պետական սահման ունենք, մեր բանակը շատ փայլուն՝ հատուկ գործողությամբ կարողացավ նպաստավոր դիրքեր ունենալ Նախիջևանի սահմանին, և այդ կարևոր ուղղությամբ հակառակորդին զսպելու ռեսուրս ձևավորել»,-ասում է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը։ Լարվածությունը հատկապես օգոստոսին էր, երբ հակառակորդը փորձեց ապակայունացնել իրավիճակը՝ բազմիցս խախտելով հրադադարը։ Հայկական բանակի պատասխանը համարժեք էր։ Այս կապակցությամբ պարոն Ջամալյանը նշում է. «Մենք հասկանում ենք, որ եթե պաշտոնական Բաքուն որդեգրել է պետական սահմանին անընդհատ ապակայունացման օջախներ ստեղծելու քաղաքականությունը, ապա հաշիվ ենք տալիս մեզ, որ ցանկացած մեր հակազդեցություն կարող է ժամանակավոր արդյունք տալ, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունը այդպիսին է՝ նրանք ուզում են լարվածություն ստեղծել և ճնշումների լեզվով խոսել մեզ հետ»։ Արդյո՞ք 2015թվականը կբերի լիարժեք խաղաղություն մեր տարածաշրջանին։ «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը, որի դիրքորոշումը իրենց հասարակության դիրքորոշումից չի տարբերվում այս հարցում ՝ ծայրահեղ իռացիոնալ, մաքսիմալիստական է, հակամարտության կարգավորման առումով որևէ լուրջ առաջընթաց չենք կարող ակնկալել , և պետք չէ մեզ խաբել և տրվել պատրանքների»,-նշում է Դավիթ Ջամալյանը։ Փորձագետն առաջիկայում պատերազմական գործողությունների վերսկսումը հավանական չի համարում, սակայն չի բացառում, որ դիվերսիոն հարձակումները կկրկնվեն։ Մանրամասները դիտեք տեսանյութում։