1 մլն դոլարի հափշտակության մեջ մեղադրվողը կրկին հիշեց Վանո Սիրադեղյանին (տեսանյութ)
Ֆինանսական բուրգով որպես ամբաստանյալ անցնող եւ 1 մլն դոլարի հափշտակության մեջ մեղադրվող Արթուր Անդրեասյանն այսօր դատարանում լրացուցիչ ցուցմունք տվեց։ Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ գործը սարքված է եւ ամեն ինչ կազմակերպել է գործով որպես տուժող անցնող Արտակ Գալստյանը, ով հայտնի է որպես Վանոյի Արտակ։ Նրա անունը կապվում է Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հետ։ «Բոլորդ էլ լավ եք հասկանում, որ Արտակ Գալստյանը անխելք մարդ չէ։ Արտակ Գալստյանի մեջքին այն մարդիկ են կանգնած, որ ավելի հզոր են եւ ավելի բարձր են։ Որ բոլորին մեղադրի եւ չոր դուրս գա, դրա համար էլ ամեն ինչը կազմակերպեց»,- նշեց Արթուր Անդրեասյանը։ Ի դեպ, գործով տուժողԱրտակ Գալստյանի ներկայացուցիչը հայտնել էր, թե Արտակ Գալստյանը իր վստահորդների տեղեկությունների համաձայն՝ գտնվել է հանրապետությունից դուրս, մինչդեռ ԱԱԾ-ից դատարանը փաստաթուղթ էր ստացել, թե Արտակ Գալստյանը եւ իր կինը նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը ՀՀ սահմանը չեն հատել։ Արթուր Անդրեասյանը մեղադրվում է խարդախության եւ խաբեությամբ գումար հափշտակելու մեջ։ Այս գործում շրջանառվում են ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անուններ։ Ըստ մեղադրանքի՝ գործարար Արթուր Անդրեասյանը նրանց անունները տալով է տարբեր քաղաքացիներից գումարներ կորզել։ Անցյալ տարվա օգոստոսից անազատության մեջ գտնվող 41-ամյա Արթուր Անդրեասյանը առողջական խնդիրներ ունի։