Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՓԱՐԻԶՈՒՄ

Քաղաքականություն

Երեկ Փարիզում տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ, որոնք կազմակերպել էին ԵԽԽՎ-ում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը: Քննարկման ժամանակ ներկայացված պատմական ակնարկը` հակամարտության նախապատմության եւ ներկա վիճակի վերաբերյալ, ԵԽԽՎ Հաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը գնահատել է իբրեւ «հետաքրքիր եւ հավասարակշռված, որը ձեւավորում էր օբյեկտիվ պատկերացում հակամարտության մասին»:

Քննարկումների ժամանակ ԵԱՀԿ համանախագահների խոսքում հնչած գլխավոր գաղափարը հետեւյալն էր. միայն տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա հիմնված լուծում հնարավոր չէ տալ, պետք է կիրառվեն Հելսինկյան համաձայնագրի երկու սկզբունքներն էլ` տարածքային ամբողջականությունը, այսպես կոչված «գրավյալ տարածքների» հետ կապված եւ ինքնորոշման իրավունքը` կարգավիճակի հետ կապված հարցում: ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցում հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերը կրկնեց իր հայտնի զեկույցի գաղափարները` շեշտը դնելով Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տալով հարցի լուծման վրա:

ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը ներկայացրեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների` կարգավորման գործընթացում եւ որոշումների ընդունման ժամանակ, որեւէ ձեւով հնարավոր չի լինի ապահովել այդ գործընթացի դրական արդյունքը: Միաժամանակ անհրաժեշտ է հստակ պատկերացում այն մասին, որ առանց ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառման Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր չէ:

Կազմակերպված քննարկման արդյունքում հայաստանյան կողմը կարեւորում է այն փաստը, որ արդեն խոսվում է ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառման անհրաժեշտության մասին:

Քննարկման ավարտից հետո հանձնաժողովը շարունակեց իր աշխատանքը, որոշվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին, սակայն մինչ այդ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում` հետագա անելիքների քննարկման նպատակով: