ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ.«ԵՍ ՄԱՀԱՑԱԾ ՉԵՄ»
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր սկսվեց ԱԺ երրորդ գումարման 6-րդ նստաշրջանը: Պատգամավորները հոտնկայս ՀՀ հիմնի ներքո սկսեցին օրինաստեղծ աշխատանքը: Ընդդիմությունը ներկա էր մասամբ` «Ազգային միաբանությունը»: «Արդարությունը» այդ ժամին նիստ էր անում:
ԱԺ նախագահը ներկայացրեց օրակարգը, եւ այստեղ Հմայակ Հովհաննիսյանը պարզեց, որ օրակարգում ընդգրկված չի ավանդների վերադարձի խնդիրը: Նա ԱԺ նախագահին հիշեցրեց, որ ավանդների վերադարձի խնդրի լուծումը ՕԵԿ-ի առաջնահերթություններից է, եւ հենց Արթւոր Բաղդասարյանը պետք է լուծի խնդիրը:
«Ինչու՞ հարցը չեք ներառում քառօրյա նիստերի օրակարգ. 90-ամյա մարդիկ ինձ զանգում են ու ասում, որ էլ չեն կարողանում սպասել, ինչպես լուսահոգի Արտակ Առաքելյանը չկարողացավ ստանալ իր ավանդները, այնպես էլ ուզում եք մյո՞ւս մարդկանց զրկել իրենց ավանդները ստանալու իրավունքից»,- հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը: Իսկ Արթուր Բաղդասարյանը նորից հիշեցրեց, որ իրենք ընդամենը 21 հոգի են, իսկ հարցի լուծման համար անհրաժեշտ է առնվազն 66 ձայն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորները տեղից հուշեցին, որ իրենք էլ կողմ են, որ հարցը լուծվի:
«Տեսնու՞մ եք, ՀՀԿ-ն էլ է համաձայն, որ վերադարձվեն ավանդները, ՀՅԴ-ն էլ, բոլորն էլ, ահա Արշակ Սադոյանն էլ մտավ դահլիճ, նա էլ է մտահոգված. որքան շատ մարդ խնդրով մտահոգվի, այնքան շուտ հարցը կլուծվի»,-ասաց Արթուր Բաղդասարյանը: Սակայն հարցն այդպես էլ օրակարգ չմտավ:
Իսկ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ ավանդների վերադարձի հետ կապված իր հեղինակած օրինագիծը գտնվում է մեծ օրակարգում, եւ դա արված է ԱԺ որոշմամբ: Սակայն այսօր Արթուր Բաղդասարյանի ներկայացրած օրակարգում չկա այդ հարցը. «Ես չեմ հանել հարցը օրակարգից. առանց հեղինակի գիտության դա ներառված չի օրակարգում. այսինքն` խախտվել է ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջը»:
Ի դեպ, նախորդ` հունիսյան նստաշրջանի մեծ օրակագում հարցը ներառված էր. այսօր առանց Վիկտոր Դալլաքյանի գիտության այն հանվել է մեծ օրակարգից: «Դա հնարավոր էր միայն այն դեպքում, եթե ես մահացած լինեի, ու մեկը գար` տեր կանգներ իմ նախագծին: Բայց ես չեմ պատրաստվում մեռնել ու իրենց տեղեկացնելու եմ, որ խախտել են օրենքը»:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ԱԺ նստաշրջանում առաջին ելույթ ունեցողը «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն էր, որը հայտարարեց, որ եթե խորհրդարանի աշխատանքը լրատվամիջոցները, մասնավորապես` «Հայլուրը», ներկայացնեն այնպես, ինչպես իրենց նիստը եւ ասուլիսն են ներկայացրել, ուրեմն ինքը ստիպված է լինելու դիմել համապատասխան մարմիններին` «Հայլուրին» արտոնագրից զրկելու պահանջով:
Ապա մանրամասնեց, ինքն հայտարարել է, որ կուսակցությունը դեռ չի որոշել` կոչ է անելու հասարակությանը ասել ոչ, թե՞ բոյկոտել սահմանադրական փոփոխությունները, սակայն լրատվամիջոցներով տարածվել է, թե իրենք դեռ չեն որոշել` այո թե ոչ ասել սահմանադրական փոփոխություններին: