Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե այդքան դրախտ տեղ էր ԵՏՄ-ն, գնացեք գումարները ստացեք ԵՏՄ-ից նվեր» (տեսանյութ)

Տնտեսություն
dram

25 տարով ՀՀ-ն Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից շուրջ 75 մլն դոլարի վարկ է վերցնելու՝ տարեկան 0,8 տոկոսով: Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում Ֆինանսների առաջին տեղակալը վստահեցրեց` 14,5 տարին արտոնյալ է լինելու` վարկի մարում չի լինի: Ըստ նրա` սա բյուջետային աջակցության վարկ է` դեֆիցիտի ֆինանսավորման համար։ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը մեկնաբանում է. «Սա գրեթե ձրի գումար է, որ տրված է որպես վարկ: Եթե երկուշաբթի ԱԺ-ում ընդունվի սա, մենք մինչեւ ամսի 18-ը պետք է սա ուղարկենք Վաշինգտոնի ՀԲ գրասենյակ, եւ 3 օրվա ընթացքում այդ գումարը կփոխանցվի ՀՀ գանձապետական հաշիվ»: Ըստ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի՝ ասվածը հնչեց որպես շանտաժ։ «Ձեր փոխարեն շանտաժ բառը չէի օգտագործի, մի քիչ վիրավորական է»,- հակադարձեց փոխնախարարը: Հանձնաժողովը բացի այս համաձայնագրից, ԱԺ լիագումար նիստում քննարկման ուղարկեց եւս 6 վարկային պայմանագիր: 11 պատգամավորից դեմ արտահայտվեցին միայն Մհեր Շահգելդյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Նիկոլ Փաշինյանը։ «Ախպեր ջան, եթե այդքան դրախտ տեղ էր ԵՏՄ-ն, գնացեք այդ գումարները ստացեք ԵՏՄ-ից նվեր ու այս պարտքի տակից մեր ժողովրդին ու թոռներին հանեք»,- առաջարկում է Ալեքսանդր Արզումանյանը: Նիկոլ Փաշինյանը նաեւ անընդունելի է համարում վարկերի միջոցով, օրինակ, դրամը կայուն պահելը. «Եթե մեր դրամը մնա ՀՀ տնտեսության հույսին, 36 օրում կդառնա Զիմբաբվեի պատմությունը, որտեղ մի կիլո հաց առնելու համար պետք էր 4 կիլո փող տալ»: ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը ոչ մի վտանգ չի տեսնում վարկեր վերցնելու մեջ. «Մենք պետք է կարողանանք այդ ձեռքը բռնել, որը այդ վարկից անձնական նպատակներով փող է տանում»: