«Հայաստանին ԵՏՄ բերելու աշխատանքները հեշտ չէին». Ռուս պատգամավոր (տեսանյութ)
Ռուսաստանի Պետդուման այսօր վավերացրել է Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելու Հայաստանի պայմանագիրը։ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովն իր ելույթում նշեց. «Միության անդամները համաձայնվեցին հայ գործընկերների խնդրանքին՝ գնալ զիջումների մաքսային դրույքաչափերի հարցում, ներկայացվել են ապրանքների տարբեր խմբերի անցումային փուլի մաքսագները։ Այս դեպքում Հայաստանը փուլային սկզբունքով է մոտենալու Միության սահմաններում գործող մաքսային միացյալ դրույքաչափերին»։ Պարոն Լիխաչովը նկատել է, որ Հայաստանի հետ պայմանավորվել են ուղղաթիռները, ինքնաթիռներն ու ռազմական տեխնիկան մաքսային հնարավոր դրույքաչափերից ազատելու շուրջ։ Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցության ներկայացուցիչ, Պետդումայի ՌԼԴԿ խմբակցության անդամ Լեոնիդ Սլուցկին փաստում է, որ այնքան էլ հեշտ չէին Հայաստանին այս միություն բերելու աշխատանքները. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք միշտ էլ ասել ենք՝ Հայաստանը միանում է այս Միությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով»։ Սլուցկու խոսքերով՝ դեռեւս անցյալ տարի Հայաստանի տնտեսությունն առանձնապես այս միության հետ ինտեգրելու բան չէր։ Բայց շատ մեծ աշխատանքներ են տարվել։ Ռուսներն ուրախ են, որ Հայաստանը Եվրասիական Տնտեսական Միության հետ է. «Նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունները՝ դեռեւս մեկ տարի առաջ շատ քննադատաբար տրամադրված լինելով Միության հանդեպ, աջակցում էին ԵՏՄ-ին»։ Այս մարդը շատ շնորհակալ էր հատկապես Հայաստանի խորհրդարանի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանին՝ շատ բան արեց այս ուղղությամբ։ Ելույթ ունեցողները Հայաստանի անդամակցումը համարում էին պատմական։ Վլադիմիր Ժիրինովսկին ամբիոնին մոտենում է կոստյումի կոճակները կոճկելով՝ իր խմբակցությունը կողմ է, որ Հայաստանը միանա, մերոնք են. «Ինչ-որ չուդակ ԽՄԿԿ Կենտկոմից երկրաշարժի օրերին եկել էր Հայաստան, Ղարաբաղում դեպքեր էին տեղի ունենում, ասում է՝ էդ ինչու՞ եք վիճում հայերով ու ադրբեջանցիներով, չէ՞ որ երկուսդ էլ մուսուլման եք։ Նա նույնիսկ չգիտեր, որ դրանք երկու տարբեր ժողովուրդներ են՝ տարբեր կրոններով»։ Ժիրինովսկին գոհ էր ռուսների կատարած աշխատանքից՝ 4 երկիր է Միության մեջ, մի քանիսն սպասում են իրենց հերթին։ Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Օլեգ Նիլովը բոլորին ուրախացնում է՝ «թող գան, թող մտնեն։ Մենք էս գլխից պատրաստ ենք կողմ քվեարկել ԵՏՄ-ին միանալ ցանկացող եղբայրական երկրների ցանկությանը»։ Նիլովը բոլորին մխիթարում է՝ Եվրամիությունից ոչ մի լավ բան մի սպասեք, այն կձախողվի հենց Ուկրաինայում, մի ափսոսեք ԵՏՄ-ի օգտին ձեր կատարած ընտրության համար։ Ռուսաստանում սպասում են Մոլդովային, Սերբիային, Բուլղարիային։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ ԵՏՄ անդամ երկրները հնարավոր է միանան Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներին այն պետությունների դեմ, որոնք իրենք են պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի հանդեպ։