Օֆշորային սկանդալում հայտնվածը չի տվել նախկին վարչապետի անունը
Օֆշորային սկանդալում հայտնված Աշոտ Սուքիասյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Նրա պաշտպան Յուրիկ Խաչատրյանն «Ա1+»-ին հայտնեց, որ գործով նախաքննությունն արդեն ընթանում է մոտ 1 տարի։ Պաշտպանը նշեց, որ գործով տարբեր անձինք են հարցաքննվել, տեղի է ունեցել նաեւ առերես հարցաքննություն, ֆինանսատնտեսական եւ դատահաշվապահական փորձաքննություններ են կատարվել։ Հարցին, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հարցաքննվե՞լ են. նրանց անունները կապվում են օֆշորային սկանդալի հետ, պարոն Խաչատրյանը նշեց, որ նրանց հարցաքննելու անհրաժեշտությունը չկա, նրանց անունները իր պաշտպանյալը երբեք չի նշել, եւ հիմքեր չկան նրանց հարցաքննելու համար։ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ Սուքիասյանը մեղադրվում է գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ։ Աշոտ Սուքիասյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում։