Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին բացատրեց վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած դրամի արժեզրկման պատճառները: Նա ընդգծեց, որ «շոկը եկել է դրսից», և այն, ինչ կատարվեց, տնտեսական տեսություններից դուրս էր: Վերջինս նշեց, որ պատճառներից մեկը համաշխարհային զարգացումներն են:
«ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո՝ զարգացող և զարգացած երկրները գրանցեցին իրենց արժույթների արժեզրկումը: ԱՄՆ տնտեսության աճի վերականգմանը զուգընթաց, վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի դաշնային պահուստների համակարգը դադարեցրեց քանակական ընդլայնման իր ծրագիրը, որի միջոցով ամսական 85 մլրդ ԱՄՆ դոլարի իրացվելիություն էր ներարկվում պետական արժեթղթերի գնումների միջոցով: Երկրորդը տարածաշրջանային զարգացումներն են: ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվեց տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ: Այս երկու գործոնները բերեցին ՌԴ տնտեսական աճի կտրուկ կրճատմանը և ռուբլու փոխարժեքի արժեզրկմանը»,-ասաց նա:
Այնուհետև Արթուր Ջավադյանն անդրադարձավ ներքին զարգացումներին և նշեց, որ իրավիճակի սրացմանը նպաստեց Հայաստանի ներսում տնտեսվարող սուբյեկտների այն վարքագիծը, որ ազատ դրամական և վարկային միջոցները սկսեցին վերածել արտարժույթի՝ դրա հետևանքով դրամային արտահայտությամբ լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:
«Նման գործողությունները պարունակում են մեծ ռիսկեր, որոնք ոչ մասնագետ անձինք չեն կարող ճշգրիտ գնահատել: Ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խուճապային վարքագիծը բերում է նրան, որ արժույթի շուկայում մեծանում է գնման և վաճառքի փոխարժեքների տարբերությունը: Նման տատանողական իրավիճակներում խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անհարկի փոխարկումներից»,-ասաց նա։
Մանրամասներն՝ այստեղ