A
A
Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարի ազատազրկման
Այսօր կայացված դատավճռով՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարի ազատազրկման:
Այս գործով միակ կինը՝ օպերատոր Հրանուշ Դանիելյանը, դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Վազգեն Խաչիկյանից եւ մյուս 12 ազատազրկվածներից հօգուտ պետության կբռնագանձվի 261 115 562 դրամ: Ըստ մեղադրանքի` Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար: