Մենք բոլորս անվճար աշխատում ենք Ֆեյսբուքում (տեսանյութ)
Այն, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հայտարարել է, թե իր օգտատերերի տվյալները կարող է անհրաժեշտության դեպքում փոխանցել այս կամ այն կառույցին, տարօրինակ չէ։ Ավելին` վախենալու ոչինչ չկա. սոցցանցից օգտվողներին ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը. «Իրականում ոչինչ չի փոխվել՝ վատ իմաստով։ «Ֆեյսբուքը» մինչեւ այս հայտարարությունն էլ էր տնօրինում օգտատերերի մասին ինֆորմացիային ու փոխանցում որոշ կառույցների։ Բանն այն է, որ ուղղակի նրանք սկսել են հայտարարել դրա մասին»։ Պարոն Մարտիրոսյանի կարծիքով՝ պատճառը վերջին մի քանի սկանդալներն են սոցցանցի հետ կապված։ Ավելին, վերջերս բացահայտվել է, որ Ֆեյսբուքը գիտափորձ է կատարել մարդկանց վրա. «Մի խումբ մարդկանց էջին նրանք տեղադրել են միայն բացասական լուրեր։ Ստեղծել են այսպես ասած գաղջ մթնոլորտ։ Իմանալու համար, թե ինչպես է դա ազդում մարդկանց հոգեբանության ու տրամադրության վրա»։ Այսօր Ֆեյսբուքից օգտվում է մոտ 1,300,000,000 մարդ։ Սոցցացը իրականում հետեւում է բոլորին, զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը։ Ավելին` օգտագործում է բոլորին՝ օգտվելով մեր տվյալներից. «Իրականում մենք բոլորս աշխատում ենք Ֆեյսբուքում՝ անվճար»։ Իսկ եթե որեւէ մեկին ձեռք չի տալիս Ֆեյսբուքի կանոնները, պարոն Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս. «Պետք է վերցնենք մկրատը եւ կտրեք ձեր մալուխը»։