Այս սանկցիաների պարագայում մենք չենք կարող ներդրումներ ունենալ. Ալ. Արզումանյան (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին չեն բավարարել Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի պատասխաններն իր հարցերին՝ ՀՀ-ի ԵՏՄ միանալու պայմանագրի վերաբերյալ: «Այդ մանեւրները, թե դա քաղաքական միություն չէ, այլ միայն տնտեսական, թողեք: Օտարերկրյա ներդրումների մասով խոսեցիք, բիզնես մթնոլորտի բարելավման մասին, սակայն միջազգային շուկաներում ներդրողները ՌԴ-ն համարում են իրենց համար թիվ մեկ սպառնալիքը: ՌԴ-ն այսօր արգելում է մի քանի տեսակի ապրանքների ներմուծումը իր տարածք, եւ այդ իմաստով ներդրողներն այս երկրում որեւէ հեռանկարային զարգացում չեն տեսնում: Այդ դեպքում՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ այս պայմաններում որեւէ մեկը ներդրում անի ՀՀ-ում»: Պարոն Կարայանը վստահեցրեց՝ ներդրումների համար ամենակարեւորը տնտեսական միջավայրի բարելավումն է. «Ես չեմ կարծում, որ ՀՀ-ն միանալով ԵՏՄ-ին որևիցե սահմանափակումներ է ստանում, ընդհակառակը՝ ավելի լայն հնարավորություններ է ստանում: ԵՏՄ-ն ՀՀ-ի համար ընդամենը նոր հնարավորություն է: Ներդրումների պակաս չի կարող լինել: Եվ, բացի այդ, սա այն ամբիոնը չէ, որ մենք պետք է քննարկենք ՌԴ սանկցիաները, սակայն ԵՏՄ մեր միանալուց հետո կա հարթակ, որտեղ կքննարկենք այդ հարցերը»: Ալեքսանդր Արզումանյանը կրկին անգամ արձանագրեց, որ փոխնախարարը նորից ամեն ինչ ասաց, բացի բուն պատասխաններից. «Ո՞վ է խանգարում, եթե մենք ուզում ենք ինչ-որ բան արտահանել. արտադրեք, որ արտահանեք: Ռիսկերից եք խոսում, մինչդեռ մենք գնում ենք աշխարհի ամենառիսկային գոտի՝ ՌԴ: Դուք կարող եք կաշկանդված լինել ինչ-որ բան ասելուց, սակայն ես իրավունք ունեմ ազատ արտահայտվեմ բոլորի մասին՝ որպես պատգամավոր: Այս սանկցիաների պարագայում մենք չենք կարող ներդրումներ ունենալ»: