Ինչ է սպասվում ԵՏՄ-ում հայ միգրանտին (տեսանյութ)
Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելը չի նպաստի արտագաղթի ավելացմանը։ Համոզված է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Նա շտապում է թվել այն երեք կարեւոր առավելությունները, որոնք կստանան Ռուսաստանում աշխատող հայ միգրանտները։ «ԵՏՄ տարածքում աշխատաշուկաները դառնալու են միասնական։ Ռուսաստանում աշխատանք կատարելիս մեր քաղաքացին եւ Ռուսաստանի դաշնության քաղաքացին նույն իրավունքներն են ունենալու։ Ներկայումս, որպեսզի միգրանտը աշխատի, առանձին ընթացակարգով պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն, ներկայացնի փաստաթղթեր եւ տուրք վճարի։ ԵՏՄ մուտք գործելուց հետո այդ տուրքը վճարելու կարիք չի լինի, ու սա մեծ տնտեսում կլինի»,- նշեց Գագիկ Եգանյանը։ Նրա խոսքերով՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում միգրանտը եւ նրա ընտանիքի անդամները համարվում են օրինական բնակվողներ։ Իսկ երրորդ առավելությունը կայանում է նրանում, որ ցանկացած անձի ՌԴ մուտք գործելու դեպքում հաշվառման կանգնելու համար տրվելու է ավելի երկար ժամանակ՝ 30 օր: Գագիկ Եգանյանը ներկայացրեց նաեւ վիճակագրական տվյալներ. ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանից մեկնածների և վերադարձածների բացասական մնացորդը հավասար է շուրջ 91 հազարի, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն ցուցանիշը կազմել է մոտ 90 հազար: Ի դեպ, այսօր Գագիկ Եգանյանի հանդիպումը լրագրողների հետ բոլորովին այլ թեմայով էր։ Նա ներկայացնում էր tundarc.am տեղեկատվական համակարգը։ Համակարգի միջոցով օտարերկրյա պետություններից Հայաստան վերադարձի մտադրություն ունեցող անձինք կարող են տեղեկություններ ստանալ այս կայքից։