Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքական եւ անձնական հետեւանքները լինելու են շատ լուրջ»

Քաղաքականություն
sahmanadrakan

ՍԴ-ն Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի պարտավորությունները համարեց Սահմանադրությանը համապատասխան։ «Սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Գործի դատաքննությունն ավարտվեց»,- հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում Սերժ Սարգսյանը ստորագրեց ԵՏՄ միանալու մասին պայմանագիրը: ՍԴ-ն հարցը քննեց գրավոր ընթացակարգով: Բարձր դատարանի անդամների հասցեին ամոթանք հնչեցրեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Մինչ բարձր դատարան գալը, իր խոսքերով, հոգու խորքում հույս ուներ, որ սխալված կլինի ու ՍԴ-ն դրական որոշում չի կայացնի. «Ես ամաչում եմ նրանց փոխարեն, ես ափսոսում եմ իրենց, քանի որ նրանց բոլորին ճանաչել եմ անձնապես, ինձ համար ցավ է այսպես տեսնել ստորացված, եւ նրանց դեմքի արտահայտությունները, կարծում եմ, անվստահ պահվածքը հենց դատարանի դահլիճում ինքնին ՍԴ դիրքորոշումն էր»: Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին զարմացել է` ինչպես կարող էր ՍԴ-ն դրական որոշում կայացնել, երբ ԵՏՄ պայմանագրի առաջին կետով նախատեսվում է, որ ՀՀ-ն իր համաձայնությունն է տալիս միանալու Բելառուսի, Ղազախստանի եւ ՌԴ միջեւ կնքված ցանկացած պայմանագրի. «Դա նույնն է, ինչ որ ՀՀ-ն համաձայնվեր սպիտակ թղթի տակ դներ իր ստորագրությունը եւ վավերացներ դա` թողնելով իրավունք այդ պետություններին հետագայում լրացնել այդ թղթի բովանդակությունը»: Նրա խոսքերով` ՍԴ-ն, շրջանցելով վիճելի բոլոր այս կետերը, հանրությանն ուղղակի մոլորության մեջ է դնում. «Սա մեր իրավական պետության վրա խաչ դնելու գործողություն է, քաղաքական հետեւանքներն այս ամենի լինելու են շատ լուրջ եւ անձնական հետեւանքները ՍԴ բոլոր անդամների համար, ես վստահ եմ, լինելու են շատ լուրջ»: