«Զինադադարի խախտումը բարձրացավ մի նոր աստիճանի» (տեսանյութ)
Նոյեմբերի 12-ին ազերիների կողմից գնդակոծված հայկական ուղղաթիռը «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը համարում է ադրբեջանցիների հերթական ստորությունը, որով նրանք ապացուցում են, որ իրենց երկիրը շատ հեռու է քաղաքակիրթ կոչվելուց և միջազգային նորմերը պահպանելուց։ «Նրանք կոպտագույն կերպով ուղղակի հակասում են մադրիդյան սկզբունքներին։ Ղարաբաղյան խնդրով զբաղվում է աշխարհի երեք հզորագույն տերություն, որոնք կենտրոնացած են ԵԱՀԿ Մինսկի խմբում,իսկ Ադրբեջանի այս քայլը ցույց տվեց, որ նրանք պարզապես արհամարհում են այդ կառույցի գործադրած բոլոր ջանքերը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»։ Այս կապակցությամբ բանախոսը նաև նշեց, որ պարբերաբար ընթերցելով ադրբեջանական կայքերում տարածվող ինֆորմացիան՝ հասկացել է, որ նրանք սա չեն դիտարկում որպես 1994 թվականից հետո տեղի ունեցող ինչ-որ մի նոր բան, այլ հակառակը՝ շարունակական մի քաղաքականություն են որդեգրել՝ որքան հնարավոր է շատ հնչեցնել այս կարգի նորություններ։ «Նրանք պնդում են, որ այդ տարածքները իրենցն են, և օկուպացված են հայերի կողմից, ուստի ամեն ինչ անում են,որ վերադարձնեն դրանք, և Հայաստանը որևէ մի բան իրավունք չունի այնտեղ անելու»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։ Վերջինս հավելեց նաև, որ եթե երեք երկրների նախագահների ներկայացուցիչների մակարդակով է քննվում այս հարցը ՝ նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա պետք է համոզված լինել, որ ղարաբաղյան հակամարտությունը և այդ տարածքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները բավականին մեծ տեղ են զբաղեցնում։ «Որևէ մի այլ կոնֆլիկտ անցյալ տարիների ընթացքում կամ հիմա չի արժանացել այդ բարձր մակարդակի ուշադրությանը։ Եվ այս առումով ես տգիտություն եմ համարում Ադրբեջանի հայտարարությունները»։ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն էլ շեշտեց,որ հայկական ուղղաթիռ խփելով՝ Ադրբեջանը զինադադարի խախտումը բարձրացրեց ռազմատեխնիկական մի նոր աստիճանի։ Բանախոսը համոզված է, որ այս կերպ ազերիները ցույց են տալիս, որ նրանք չեն խուսափում հերթական անգամ իրավիճակը սրելուց։ «Նման օդային պատերազմի դեպքում կարելի է արդեն ասել, որ սա նախապատերազմական կամ կիսապատերազմական վիճակ է, որովհետև եթե պատասխան քայլերը սկսվեն օդային ավիացիայի միջոցով կատարվել, դրա ռեզոնանսը, արձագանքը շատ ավելի մեծ կլինի»։