Ձեռնարկատերերը հնարավոր է՝ կրկին դուրս գան փողոց (տեսանյութ)
Եթե Շրջանառության հարկի մասին օրենքը խանգարում է գոնե մեկ ՓՄՁ-ի, ապա այն պետք է չգործի, կամ գոնե այլընտրանք ունենա. համոզված է «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը։ Նա վստահեցնում է, որ եթե կառավարությունը ձեռնարկատերերի շահերից բխող որոշում չկայացնի, նրանք կրկին դուրս կգան փողոց. «Մենք մտածում ենք, որ երկու օրենքն էլ գործի։ Թող լինի շրջանառության հարկի մասին օրենքը՝ 1 տոկոսով, եթե մարդը հնարավորություն ունի փաստաթղթավորվելու, եւ մնա հին օրենքը՝ 3,5 տոկոս շրջանառությամբ։ Ձեռնարկատերը ինքը որոշի` ինչպես աշխատել։ Այսինքն` կամավորության սկզբունքը լինի»։ Պարոն Ասլանյանը ցավով է նշում, որ այսօր գրեթե ամեն քայլափոխի գրված է՝ տրվում է վարձով. «Հիշեք, տասը տարի առաջ սենց բան կա՞ր։ Չէ, չկար, մարդիկ ծանոթ էին փնտրում, որ տարածք վարձակալեն իրենց բիզնեսը դնելու համար։ Էսօր էդ հնարավորությունը տրված է, ազատ են բոլոր տարածքները»։ Ստեփան Ասլանյանը հիշեցնում է նաեւ, որ ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ ոչ մի պատգամավոր «Շրջանառության հարկի մասին օրենքին» կողմ չխոսեց. «ՀՀԿ խմբակցությունից էլ Խոսրով Հարությունյանն ասաց, որ օրենքում կան թերություններ: Թող չստեղծվի այն տպավորությունը, թե փոքր և միջին բիզնեսով զբաղվողները չեն ուզում հարկ վճարել»։