«Վեգա»-ն կեղծ զեղչ հայտարարելու համար տուգանվեց 7 մլն դրամով
ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեգա» ընկերության հայցն ընդդեմ Հանձնաժողովի մերժվեց: ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Հիշեցնենք, որ նախորդ ամանորյա տոներին «Վեգա» խանութների ցանցը, գնումներ կատարելիս սպառողներին խոստանում էր մինչեւ 110 տոկոս զեղչ: Տնտեսվարողի կողմից անիրական եւ կեղծ զեղչ հայտարարելու համար Հանձնաժողովը հարուցել էր վարչական վարույթ, որի ընթացքում հաստատվել է, որ «Վեգա» խանութների ցանցի կողմից դրսեւորվել է անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար էլ նշանակվել է տուգանք՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որը կազմում է մոտ 7 միլիոն դրամ: Ընկերությունը դատական կարգով բողոքարկել է ՏՄՊՊՀ որոշումը: Դատական բոլոր երեք ատյաններում բողոքը մերժվել է: 7 միլիոն դրամ տուգանքը վճարվել է պետբյուջե: Մինչ այսօր ՏՄՊՊՀ-ը դատական կարգով պարտված որեւէ գործ չունի: Բողոքարկված բոլոր որոշումները մնացել են ուժի մեջ: ՏՄՊՊՀ