Կառավարությունը չի հայտնում, թե ինչ փոփոխություններ է կատարել օրենքում (տեսանյութ)
Կառավարությունը առ այս պահը չի հրապարակում, թե ինչ փոփոխություններ է արել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրինագծում՝ բողոքի ալիքից հետո։ Միակ տեղեկատվությունը ԱԺ կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունն է՝ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո։ «Նախագիծ դեռևս չկա, այն ամենը ինչի շուրջ մենք խոսում ենք, դեռևս մամուլի արձագանքներն են»,-ասաց ՀՀ ՄԻՊ-ի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։ Ըստ այդ հաղորդագրության՝ մինչև մեկ միլիոն դրամ եկամուտ ունեցող հղիները կստանան 100% փոխհատուցում։Գերազանցող գումարի դեպքում մայրության նպաստը նշանակվելու է գործատուների կնքած պայմանագրով։ Այս կապակցությամբ օմբուդսմենի տեղակալը նշում է. «Ասվում է, որ գործատուն պետք է փոխհատուցի,սակայն չի մանրամասնվում,թե գործատուն ի՞նչ չափով պետք է դա փոխհատուցի, արդյո՞ք պարտավոր է, թե՞ հայեցողական է սա թողնված»։ Հայաստանում մեկ միլիոնից ավել աշխատավարձ ստացող կանայք շատ փոքր թիվ են կազմում։Այս պարագայում նրանք կարող են կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Տաթևիկ Խաչատրյանը այս առթիվ շեշտում է, որ գործատուն կհասկանա, որ այդ աշխատավարձով կնոջը աշխատանքի վերցնելը իր համար լրացուցիչ ֆինանսական բեռ է և կնախընտրի նույն աշխատանքի համար աշխատանքի վերցնել տղամարդու։ Նախագծով առաջարկվել է հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի և այն վճարել նաև չաշխատող կանանց՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրյա ժամանակահատվածի համար։ «Ինչ է նշանակում էս կինը չաշխատի, էդ հարկերը ամիսների ու տարիների ընթացքում չվճարի բյուջե, ավելի լավ է, քան ինքը նստի տանը և բյուջեից ստանա այդ 275.000 դրամը։ Այսինքն սա ինչ հաշվարկ է, ես չեմ պատկերացնում»,-ասում է հաշվապահ Շողեր Բաբայանը։ Հետևաբար, վերջինս զավեշտալի է համարում նաև այն պատճառաբանությունները, թե չարաշահումները կանխելու նպատակով են փոփոխություններն արվել։