Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարանը պարարտանյութ է արտադրում, իսկ գյուղացուն տալիս են ներկրվածը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
nkar00002

Շուրջ մեկ տարի է` Հայաստանի արդյունաբերական գիգանտներից մեկը համարվող «Վանաձոր-քիմպրոմ»-ի աշխատակիցները հարկադիր պարապուրդի մեջ են: Նրանք ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանը սնանկացման ճանապարհին է: 2007թ. «Վանաձորի-քիմպրոմի» բաժնետոմսերը պատկանում են «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» ընկերությանը, որը հսկայական պարտքեր ունի ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գազի, էլեկտրաէներգիայի եւ այլնի մասով: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն ընտրվել է Վանաձորի ընտրատարածքից, մեծ հույսեր չունի գործարանի ապագայի հետ կապված. «Իրավիճակը շատ տագնապալի է, քանի որ բացի այն, որ գործարանը կուտակել է մեծ պարտքեր եւ գնում է դեպի սնանկացում, նաեւ, որքան ես հասկանում եմ, գործարանն ապագա չունի, այն չի գործելու»: Նա բազմիցս հարցը բարձրացրել է ԱԺ-ում եւ կառավարության անդամների մոտ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ԱԺ-ում նրան պատասխանել էր, որ նախարարությունն այսօր չունի բավարար ֆինանսական միջոցներ` վճարելու գործարանի աշխատակիցների աշխատավարձերը. «Քիմպրոմը մասնավոր ընկերություն է, եւ քիմպրոմի հարցը, նախարարության կարծիքով, պետք է լուծվի օրենքի եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի շրջանակներում: Մնացած բոլոր առաջարկություններն ու լուծումները կլինեն ոչ հիմնավոր եւ ոչ օրենքի շրջանակներում»: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ «Դա նշանակում է, որ մարդկանց ուղարկեն դատարաններ, որտեղ որ այնքան էլ խոստումնալից ապագա չի սպասվում, քանի որ կարող են լինել վճիռներ, դատական ակտեր, հարկադիր կատարման գործողություններ, որոնց արդյունքում քաղաքացիներին չհասնի ոչինչ, քանի որ գործարանը շատ մեծ պարտքեր ունի կուտակած»: «Վանաձոր-քիմպրոմ»-ի աշխատակիցները բազմիցս դուրս են եկել բողոքի ակցիաների: Նրանց հետ հանդիպել է անձամբ վարչապետը եւ խոստացել նախնական մեկ ամսվա աշխատավարձը տալ։ «Խոստումներ շատ են եղել, որ պետք է աշխատավարձ տան, սակայն չեն տվել: Վերջին աշխատավարձը ստացել ենք հոկտեմբերի սկզբնամասում, մինչեւ այսօր խաբել են, որ պետք է տան ու չեն տալիս»,- ասում է կարբամիդի արտադրամասի էներգետիկ Մարտուն Սաքանյանը: Մարտուն Սաքանյանը վստահեցնում է` եթե համապատասխան ներդրումներ լինեն, ապա գործարանի սարքավորումները շահագործման համար բարվոք վիճակում են: Վերջին շրջանում գործարանն արտադրում էր պարարտանյութեր, մինչդեռ կառավարությունը գյուղացիական տնտեսություններին տրամադրում է Վրաստանից եւ Պարսկաստանից ներկրված պարարտանյութեր: Ի դեպ, այս տարի միայն ազոտական պարարտայնութ ներկրվել է 33 հազար տոննայից ավելի, որը մեկ պարկը մոտ 4 հազար դրամ սուբսիդավորմամբ վաճառվել է գյուղացիներին: Խնդիրը խորությամբ ուսումնասիրելու համար, Էդմոն Մարուքյանի կարծիքով, պետք է ստեղծվի անկախ հանձնաժողով. «Ինչպե՞ս են այդ հիմնարկներն այդ պարտքերը կուտակել, արդյո՞ք իրենք են ծախսել այդ գազն ու էլեկտրաէներգիան. սրանք լրջագույն հարցեր են, ու կան հիմնավոր կասկածներ, որ անգամ իրենք չեն ծախսել»: